Պատերազմը կանգնեցնելը հենց Շուշին հանձնելու համար էր

Պատերազմը կանգնեցնելը հենց Շուշին հանձնելու համար էր

Ես Փաշինյանի հետ հանդիպումներին էլ եմ ասել, որ Շուշին հանձնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ցմահ դատապարտվեն։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով քիչ առաջ արած իր գրառմանը, որտեղ նշել էր՝ Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները՝ մեծից փոքր, պետք է պատասխան տան, անկախ նրանից, թե ովքեր են։

«Անձամբ եմ այդ հարցը բարձրացրել։ Կհիշեք՝ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ նույն Նիկոլ Փաշինյանն էր պդնում, որ Օնիկ Գասպարյանը պիտի դեռ պատասխան տա, թե ինչ է եղել Շուշիում։ Այդ նույն հարցը ես եմ բարձրացրել, թե ի՞նչ է եղել Շուշիում, որ Օնիկ Գասպարյանն էլ պետք է պատասխան տա։ Կամ, եթե նման բան կա, ապա ինչո՞ւ մինչև հիմա պատասխան չի տալիս»,- նշեց Նորայր Նորիկյանը, ապա հավելեց, որ արդեն մոտ մեկ տարի է՝ չի մասնակցում Նիկոլ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներին։ Թե ինչու, կհայտնի ավելի ուշ։

Ասում է, որ իր հարցերին Փաշինյանը տվել է նույն պատասխանները, ինչ հնչեցրել է տարբեր բարձր ամբիոններից, ոչ մի նորություն իր խոսքում չի եղել։ Արդյո՞ք նաև դա է պատճառը, որ Նորիկյանը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպումներին. պատասխանը կրկին նույնն էր՝ կտեղեկանանք ավելի ուշ։

«Ըստ էության, պատերազմը կանգնեցնելը հենց Շուշին հանձնելու համար էր։ Եվ կար մեծ խաղացողների կոնսենսուս։ Այսինքն՝ Ադրբեջանին լեգիտիմ իրավունք էին տվել պատերազմ սկսելու և Շուշին վերցնելու։ Հակառակ դեպքում ինչո՞ւ Ադրբեջանը կհամաձայներ պատերազմը կանգնեցնելուն, եթե հայկական կողմից դիմադրություն չկար, ու մի քանի օր էլ՝ Արցախի հարցը կլուծվեր»,- նկատեց Նորայր Նորիկյանը։

Հարցին, թե իր կարծիքով, այդ կոնսենսուսը նաև հայկական կողմի հետ էր ձեռք բերված, Նորայր Նորիկյանը պատասխանեց՝ հենց դա՛ պետք է պարզվի։

Նարե Գնունի