Մեր անգործությունը հանգեցրեց Լևոն Հայրապետյանի ցավալի վախճшնին. չթողնե՛նք՝ նույնը Ռուբեն Վարդանյանի հետ լինի

Բաքվի բանտում պահվող հայ գերիների ու պատանդների հանդեպ Ադրբեջանն ակնհայտ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները նրանց վերադարձի ուղղությամբ բանակցություններ չեն վարում, նաև որևէ քայլ չեն կատարվում գերության պայմաններում միջազգային մարդասիրական նորմերի պահպանման ուղղությամբ։
Երեկ համացանցի հայկական տիրույթում տարածվեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուծված լուսանկարները Բաքվի դատարանից։ «Կես մարդ»,- այսպես էին որակում մարդիկ նրա ներկայիս վիճակը՝ հատկապես հացադուլի ֆոնին։
«Չեմ ուզում հավատալ այս պատմության վատ վերջաբանին։ Ռուբեն Վարդանյանի Արցախ գալը, նրա ջանքերը, նրա մտահոգություններն ու ձգտումները հիմա ավելի հասկանալի են, ըմբռնելի ու հերոսական։ Մի անգամ մեր անգործությունը հանգեցրեց Լևոն Հայրապետյանի ցավալի վախճանին... մարդը հիմա կա, մի քանի օր հետո կարող է և չլինել: Ինչ կարող է անել Հայաստանը և հասարակ քաղաքացին, չգիտեմ, բայց բոլոր ուժերով պետք է պայքարել գերիների ազատության ու վերադարձի համար, ցույց տալ այդ պայքարը ու պահանջել կառավարությունից անել առավելագույնը»,- MediaHub-ին ասում է փաստաբան Անուշ Շահրամանյանը։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունն արհեստականորեն ձգձգվում է։ Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին։
«Մենք ա՞զգ ենք։ Դեռ բլոկադայի ընթացքում ուղիղ եթերների ժամանակ, երբ աղաչում էի, պաղատում էի, կոչ էի անում, որ համախմբվենք հանուն 120 հազար կյանքերի, հանուն Արցախի փրկության, բոլորը «Ֆեյսբուքում նստած» կամ բազմոցին պառկած հետևում էին մեր կազմակերպած ակցիաներին։ Ի՞նչ կարող էինք անել մենք ընդամենը 20-30 հոգով։ Երևի ծիծաղում էին մեզ վրա, հիմար քոմենթներ էին գրում և ինձ վիրավորում, չեմ մոռացել։ Ես տառապանքի մեջ էի, քանի որ որդիս մենակ էր մնացել այնտեղ։ Մարդ կարող է ունենալ մեծ ցանկություն պայքարելու, բայց անկարող լինել դրա համար։ Անտարբերությունը ինձ համար առնվազն դավաճանություն և պոռնկություն է: Այ հիմա համոզվեցի, որ բացի ֆեյսբուքյան էջերում փոստ գրելուց և ինքնահաստատվելուց, էլ ոչ մի բանի ընդունակ չէ մեր ժողովուրդը»,- ասում է 2023 թվականի պատերազմում որդուն՝ Տիգրանին կորցրած Ադելինա Ավետիսյանը, ապա ավելացնում, որ Հայաստանում ազգային հպարտությունը փոխատեղել են ամբոխի ամենաստոր մասսայի՝ «լավ են անում, թող Ադրբեջանում դատեն» լկտի ճիչերով։
Նշենք, որ համացանցում տեղեկություններ են պտտվում, որ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի ու մյուս գերեվարվածների նախատեսվում է խաղաղ ակցիա անցկացնել։
Հունան Թադևոսյան