40+10 աջակցության ծրագիրը դադարեցնելուց հետո՝ շատ շատերը կհայտնվեն դրսում

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հայտարարությունների՝ 2025 թվականի ապրիլից բռնի տեղահանված արցախցիներն այլևս չեն ստանա 40+10 հազար դրամական աջակցությունը։ Այն կտարածվի միայն հատուկ խմբերի վրա։
Ստեփանակերտից գաղթած ու Գորիսում ապաստանած Ժորա Հայրապետյանն իր ընտանիքի սոցիալական վիճակի հարցով MediaHub-ին է դիմել։ Նա, մասնավորապես, նշել է, որ այդ աջակցությունների հաշվին է կարողանում ծայրը հազիվ հասցնել ծայրին։
«Ես 24 տարեկան եմ, սովորում եմ Գորիսի պետական համալսարանի իրավաբանության բաժնում։ Հիմնական աշխատանք չունեմ, անում եմ՝ ինչ հնարավոր է։ Ապրում եմ հիվանդ մորս ու հաշմանդամ տատիս հետ։ Տան վարձը համեմատ Երևանի՝ այստեղ ավելի մարդկային է, վճարում ենք 80 հազար դրամ։ Բայց դա չի արդարացնում այն սոցիալական վիճակը, որ այսօր կա։ Թոշակով տալիս ենք տան վարձավճարը, իսկ պետական աջակցությունը հազիվ հերիքում է դեղորայքին»,-նշում է Ժորան։
Ինչպես մեզ դիմած երիտասարդը, այնպես էլ բազմաթիվ այլ արցախցիներ, սոցիալական ծանր վիճակում կհայտնվեն, եթե զրկվեն 40+10 աջակցության ծրագրից։
«Սա հերիք չէ, նաև մեր կուտակային կենսաթոշակների «ճակատագիրն» է անհայտ։ Հարց եմ ուզում տալ․ եթե հիմա Արցախը դիտարկում եք որպես այլ պետություն, որի գումարները ՀՀ կենտրոնական բանկում են, սառեցված վիճակում, ինչո՞ւ այն չեք վճարում այդ՝ այլ պետության քաղաքացիներին։ Կուտակային կենսաթոշակները պետք է հասնեն հասցեատերերին, ոչ թե առանց մեր կամքը հաշվի առնելու մեր փոխարեն կայացվեր այդ որոշումը»,-նշում է մեր զրուցակիցը։
Ժորայի խոսքով՝ 40+10 աջակցության ծրագիրը ՀՀ ֆինանսական զամբյուղից չեն տրամադրում։ Դրանք այն գումարներից են հատկացվում, որը դաշնակից երկրները փոխանցել են փախստականների առաջնային կարիքները հոգալու համար։ Ծրագիրը դադարեցնելուց հետո՝ շատ շատերը հնարավոր է հայտնվեն դրսում։
Հունան Թադևոսյան