Չարենցավանցիները մտադիր են ճանապարհ փակել․ մի քանի օր է՝ նրանք շանտաժի և շորթման թիրախում են հայտնվել

Չարենցավանցիները մտադիր են ճանապարհ փակել․ մի քանի օր է՝ նրանք շանտաժի և շորթման թիրախում են հայտնվել

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի բնակիչների անդորրը մի քանի օր է՝ խաթարվել է։

Հատկապես խաթարվել է մի շարք ընտանիքների և այդ ընտանիքների գլուխ կանգնած տղամարդկանց անդորրը, որոնք ինչ-որ անբարոյականների հանցախբի կողմից շանտաժի և շորթման թիրախում են հայտնվել։ 

Հայաստանում գործում է մի հանցավոր խմբավորում, որոնք տելեգրամյան հարթակում ինչ-որ էջեր են բացել և դրանցում տարբեր կանանց ու անչափահաս երեխաների՝ ֆոտոշոփով սարքած մերկ լուսանկարներն են տարածում և դրանով շանտաժ անում այդ կանանց, նրանց ամուսիններին և ընտանիքի այլ անդամներին։ Հանցագործները այդ նկարները ներբեռնում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ տվյալ անձանց օգտահաշիվներից, ֆոտոշոփի օգնությամբ գլուխները «կտրում» են, տեղադրում համացանցից ներբեռնած ինչ-որ կանանց մերկ մարմինների վրա և դրանք հրապարակում տելեգրամյան ալիքներում, որոնք բազմաթիվ են՝ բացված տարբեր անուններով։ Հետո «Ֆեյսբուքի» միջոցով կապ են հաստատում այդ կանանց ընտանիքի անդամների, հիմնականում՝ ամուսինների հետ և առաջարկում փողի դիմաց հեռացնել այդ նկարները, եթե ոչ՝ էլի կտարածեն։

Սրբապիղծների այդ խումբը, չգիտես ինչու և ինչ մոտիվացիայով, բայց վերջին օրերին կենտրոնացել է հենց Չարենցավանի վրա և իրենց զոհերին ընտրում են հենց այս քաղաքից։

Թեպետ՝ իրենց բացած էջերում զոհեր կան նաև Գյումրիից, Հրազդանից ու այլ բնակավայրերից, բայց վերջին շրջանում ակտիվորեն աշխատում են հատկապես չարենցավանցիների վրա։ 

Մենք տեղեկացանք, որ արդեն տասնյակ ընտանիքներ են հայտնվել այս կիբեռհանցագործների թիրախում, որոնց մեջ կան նաև Չարենցավան համայնքի ավագանու անդամներ, քաղաքում հայտնի այլ անձինք։ Նրանց մի մասը, ցավոք սրտի, տրվել է շանտաժին և փող փոխանցել, որ հեռացնեն իրենց կանանց ու երեխաների կեղծ նկարները, ինչը ոգևորել է հանցագործներին։ Նրանք հասկացել են, որ Չարենցավանն իրենց համար, կարծես, «խոպան» տեղ է, և մի քանիսից գումար շորթելուց հետո մեծացրել են շրջանակը՝ թիրախավորելով այլ անձանց ևս, որ էլ ավելի մեծ գումարներ կարողանան կորզել։ Ասացին՝ միայն Չարենցավանից մի քանի օրում մի քանի միլիոն դրամ են «հավաքել»։

Երեկ ու նախորդ օրը տարբեր սոցիալական հարթակներում հրապարակումներ եղան այս մասին՝ կոչ անելով հանրությանը, որ ոչ մի դեպքում գումար չփոխանցեն այդ հանցախմբին, որից հետո այդ էջերը ջնջվեցին, հանցախումբը մի քիչ հանգստացավ, բայց հաջորդ օրը նոր գրոհի անցավ՝  նոր էջեր բացելով և դարձյալ նույն նկարները տարածելով։ MediaHub-ը տեղեկացավ, որ այսքանից հետո էլի եղել են մարդիկ, որոնք փոխանցել են գումար հանցագործներին՝ այդպիսով սնելով նրանց։ 

Կասկածներ կան, որ Չարենցավանից մարդ կա, որը համագործակցում է հանցախմբի հետ և տեղեկություններ է տրամադրում նրանց, թե ումից է հավանական «հանուն թասիբի» գումար շորթել։ Մի քանի օր է՝ Չարենցավանի բազմաթիվ պատվախնդիր տղամարդիկ ուղիներ են փնտրում, որ ոչ թե տրվեն շանտաժին և փողով պաշտպանեն իրենց ու իրենց ընտանիքի անդամների պատիվն ու արժանապատվությունը, այլ հանցագործներին հայտնաբերելով և համապատասխան պատժի արժանացնելով։ Բայց այստեղ լուրջ անելիք ունի նախ պետությունը՝ իր իրավապահ կառույցներով, որոնք, ցավոք սրտի, չեն ուզում կամ չեն կարողանում արդյունավետ պայքար մղել համացանցային խարդախների ու հանցագործների դեմ։ Նրանց միակ առաջարկն այն է, որ տուժողները հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն, որ կարողանան գործին ընթացք տալ։ Ի դեպ, գումարները նրանք շորթում են ոչ թե պարզ փոխանցումների միջոցով, որ հետո հնարավոր լինի շատ արագ հետքը գտնել, թե ում հաշվին է փողը նստում, այլ կրիպտոարժույթների միջոցով, որոնց համար բացված հատուկ դրամապանակներին գումարը «նստում» է մի քանի քայլանոց փոխանցումների միջոցով։

Ամեն դեպքում, եթե իրավապահները իսկապես շատ ցանկանան, կարող են բացահայտել, թե ովքեր են այս գումարների իրական շահառուները, ում անուններով են բացվում այդ տելեգրամյան ալիքները։ Ի դեպ, չարենցավանցիները այս նպատակով պատրաստվում են նաև կտրուկ քայլերի դիմել, օրինակ՝ ճանապարհ փակել և այդպիսով համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որ տեղից իրար գան և հստակ քայլեր ձեռնարկեն։

Նկատենք, որ սոցիալական հարթակներում այս թեմայով հրապարակումներին արդեն արձագանք կա իշխանական թևից։ Մենք նկատեցինք, որ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն է այս տեղեկատվության հիման վրա տեսանյութեր տեղադրել իր էջում՝ մարդկանց կոչ անելով զգույշ լինել և չտրվել շանտաժի։ Նա նաև խոստացել է դիմել ԱԱԾ-ին, որ զբաղվեն այս հարցով։

ՆԳՆ-ից ևս տեղյակ են խնդրից, բայց ոստիկանության հիմնական առաջարկն այն է, որ գնան, հաղորդում տան, որը իրենք հետո կփոխանցեն Քննչական կոմիտեին, որ վերջինս զբաղվի։

Հաղորդում, հավանաբար, կտան տուժողները, այլ հարց է, որ հավատ չկա իրավապահների աշխատանքի հանդեպ, որ արագ և արդյունավետ կգործեն ու կբացահայտեն ընտանիքներ քանդող և մարդկանց անդորրը խաթարող այդ հանցագործներին։

Վահե Մակարյան