Դրսում հայտնված արցախցիների շատ ենք հանդիպելու. խնդիրները ոչ թե անհատական, այլ համակարգային լուծում են պահանջում

Դրսում հայտնված արցախցիների շատ ենք հանդիպելու. խնդիրները ոչ թե անհատական, այլ համակարգային լուծում են պահանջում

Երկու օր է սոցիալական ցանցերում քննարկվում է արցախցի երաժիշտ, դաշնակահար Կարեն Նասիբյանի և Դիլիջանի չգործող գիշերօթիկ դպրոցում հանգրվանած արցախցիների, նրանց սոցիալական վիճակի ու անճարության մասին: Ընդ որում՝ մի մասը մեղադրում, մյուսները կա՛մ արդարացնում, կա՛մ քննադատում են նրան։ 

«Տարածքի տերերն անջատել են էլեկտրականությունն ու գազը: Այդ վայրում մնալը պարզապես խենթություն է: Տեսանյութի հերոսները անճարությունից չգիտեն` ինչ անեն, և չնայած խոսվում է առաջարկված տարբերակների մասին, այնուամենայնիվ ասածս դրա մասին չէ»,- MediaHub-ին ասաց հասարակական գործիչ Աշոտ Գաբրիելյանը։ Տեսանյութի հերոսներից մեկը Կարեն Նասիբյանն է, ով Արցախի օրհներգի երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանի որդին է: Կարենի պատմությունը շատերին է հուզել: 

«Տեսանյութում նա պատմում է, որ Արցախից տեղահանվելուց հետո երբեք ուրախ օր չի ունեցել: Նաև նշում է, թե ինչպես էր ուզում ցատկել Ստեփանակերտի իր 8-րդ հարկի բնակարանից, բայց այդպես էլ չի խիզախել: Վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ օգնության ձեռք կմեկնեն, կօգնեն այս մարդկանց: Օրեր առաջ Նոր Հաճնում ինքնասպանություն է գործել Արցախից տեղահանված ևս մեկ քաղաքացի: Չնայած այս դեպքի մասով ինֆորմացիան շատ քիչ էր, այնուամենայնիվ նշվում էր, որ քաղաքացին պատերազմի ընթացքում կորցրել էր որդուն: Գրեթե մի շաբաթ առաջ ինստագրամում մի պատմություն տեսա, երբ սրտացավ մի աղջիկ դրսում հանդիպել էր ցրտահարված պապիկի, ով Արցախից էր, գիշերում էր դրսում: Պապիկին հիվանդանոց տարավ, իմ ընկերներից Սեդան նույնիսկ դրամահավաք կազմակերպեց, որպեսզի պապիկի համար հագուստ, հեռախոս գնեն, հիվանդանոցի ծախսերը փակեն և ինտերնատում տեղավորելու ծախսերը հոգան: Այս մի պատմությունը մի փոքր տարօրինակ ընթացք ստացավ, որովհետև մինչ պապիկին հեռախոս կտրամադրեին, հաջորդ օրը նա հիվանդանոցից պարզապես անհետացավ: Ենթադրություններ կան, իհարկե: Ասում են՝ իրեն վատ է զգացել, որ հիվանդանոցի ծախսերը պետք է հոգար և այլն, բայց քանի վստահ ոչ մի բանին չեմ տիրապետում, չեմ կարող պնդել: Այս բոլոր պատմությունների հերոսները դժվար սոցիալական և հոգեբանական կացության մեջ են գտնվել: Ավելի դժվար, քան կարելի է պատկերացնել: Ավելի դաժան, քան կարելի է նկարագրել»,- ասում է Աշոտը։  

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօրինակ խնդիրները լուծելու, հատկապես ոչ մրցունակ տարիքի ու կարիքավոր ընտանիքների սոցիալական բեռը թեթևացնելու համար՝ համակարգային լուծում է պետք։

«Արցախցիներս ՀՀ-ում ունենք փախստականի (ժամանակավոր պաշտպանության) կարգավիճակ: Եվ մինչ իշխանական պատգամավորների եղբայրները հարցականի տակ են դնում մեր հայ լինելը, մինչ ԱԺ նախագահը պնդում է, որ արցախցիները պետք է մնային Արցախում, մինչ տարբեր օղակներում արցախցիները ոչ շատ հաճախ, բայց ենթարկվում են խտրական վերաբերմունքի, Կառավարության որոշմամբ հաջորդ ամսվանից Արցախից բռնի տեղահանվածները այլև չեն ստանալու դրամական աջակցությունը` 50.000 դրամի տեսքով: Եթե ճիշտ եմ, այս որոշումը բոլորին չի վերաբերում, կան հատուկենտ բացառություններ, բայց այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին. ապրիլից վերը թվարկված պատմությունների օրինակները շատանալու են: Դրսում հայտնված արցախցիների շատ ենք հանդիպելու: Մենք դեռ հեչ, աշխատում ենք, պետք եղած դեպքում՝ 2-3 տեղ, որպեսզի ծայրը ծայրին հասցնենք: Բայց ի՞նչ վիճակում են հայտնվելու, օրինակ, գործազուրկ տատիկ պապիկները: Չշարունակեմ»,- հավելում է մեր զրուցակիցը։ 

Դիլիջանի նախկին գիշերօթիկի շենքում 10 օր առանց գազի, ջրի, հոսանքի բնակվող երաժիշտ Կարեն Նասիբյանի մասին պատմող տեսանյութին արձագանքել է Հայորդի թիմը, նրան ապահովել աշխատանքով։ Սակայն, ընդհանուր առմամբ, անօթևան ու առանց աշխատանքի մնացած կարիքավոր ընտանիքների խնդիրներին պետական որևէ լուծում դեռևս չի առաջարկվում։ 

«Ես գիտեմ, որ նման կացության մեջ հայտնված մարդկանց նկատմամբ անտարբեր չենք լինելու, օգնելու ենք ամեն իսկ հնարավորության դեպքում: Բայց այս ամենը անհատական մակարդակում լուծելի չէ: Համակարգային մոտեցում է պետք: Պետք է արձանագրել, որ արցախցիների սոցիալ-հոգեբանական իրավիճակը վատթարանում է օրեցօր, իսկ առաջարկվող լուծումները միայն ու միայն հակադարձում են այս խնդիրներին»,- եզրափակեց Աշոտ Գաբրիելյանը։

Հունան Թադևոսյան