Չորս օրվա ընթացքում այդ ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, պարոնայք. Միկա Բադալյանի պաշտպանը՝ հանրային մեղադրողին

Չորս օրվա ընթացքում այդ ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, պարոնայք. Միկա Բադալյանի պաշտպանը՝ հանրային մեղադրողին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կայացել են բլոգեր Միքայել Բադալյանի գործով նախնական դատալսումները, որի շրջանակներում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Միկա Բադալյանի խափանման միջոցի հարցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ բլոգեր Միկա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար: Իսկ քրեական գործի հարուցման համար որպես շարժառիթ դիտարկվել է Միքայել Բադալյանի կողմից «Telegram» հավելվածի իր անհատական էջում կատարած գրառումը, եւ նախաքննական մարմինն առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։

Հուլիսի 22-ին՝ դեռևս մինչդատական վարույթի շրջանակներում՝ Միկա Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում էր կայացվել՝ պայմանավորված վերջինիս առողջական վիճակի վատթարացմամբ։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ այսօր նախնական դատալսումների ընթացքում դատարանն անդրադարձել է Միքայել Բադալյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված գրավի փոփոխման և վերացման հարցին։

Ալեքսանյանի փոխանցմամբ՝ հանրային մեղադրողը (դատախազը հեղ.) դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված գրավն իրավաչափ է և պիտանի միջոց է նրա պատշաճ վարքագիծը ապահովելու համար։ Փաստաբանն էլ իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Բադալյանի նկատմամբ գրավի կիրառումը միանշանակ պիտանի և իրավաչափ է, սակայն, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դեռևս հուլիսի 18-ին, երբ քննարկվում էր Բադալյանի կալանքի ժամկետի երկարացման հարցը, քրեական հետապնդման մարմինները պնդում էին, որ Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը պարտադիր պետք է երկարացվի, իսկ գրավի կիրառումն՝ անթույլատրելի է, մինչդեռ չորս օր անց դատարանը, քննության առնելով պաշտպանության կողմի միջնորդությունը գրավ կիրառելու մասին, բավարարել է այն։

«Հուլիսի 18-ին դատական նիստի ժամանակ համառորեն պնդում էիք, որ Միքայել Բադալյանը պետք է կալանքի ժամկետը պետք է երկարացվի և դեմ էիք, որպեսզի նրա նկատմամբ գրավ կիրառվի։ Սակայն դրանից հետո՝ չորս օր անց, Դատարանի կողմից կիրառված գրավն այժմ ասում եք պիտանի միջոց է Միքայել Բադալյանի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու համար։ Չորս օրվա ընթացքում այդ ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, պարոնայք»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ ի սկզբանե Միքայել Բադալյանին կալանավորելը, կալանքի ժամկետի երկարացումը եղել է ապօրինի, ինքնանպատակ և բացառապես քաղաքական հետապնդման արդյունք։

Նախնական դատալսումների փուլում դատարանը քննարկման առարկա է դարձրել հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը, օրենքով սահմանված կարգով՝ կողմերը ներկայացրել են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշակի այլ փաստաթուղթ ճանաչված տվյալներ կան, որոնք, ըստ ապացույցների հետազոտման կարգի, կհետազոտվեն սկզբում, հետո՝ կհարցաքննվի Միկա Բադալյանը, այլ ապացույցներ գործում առկա չեն։ Պաշտպանը միջնորդել էր նաև անթույլատրելի ճանաչել ԱԱԾ ծառայողի զեկուևցագիրը, քանի որ այն, ըստ էության, ճանաչվել էր որպես այլ փաստաթուղթ։

«Այլ փաստաթուղթը, որը նոր կարգավորման ուժով համարվում է արտավարույթային փաստաթուղթ, պետք է ձևավորված լինի վարույթի շրջանակներից դուրս, իսկ զեկուցագիրը, տվյալ պարագայում՝ օպերի, վարույթի շրջանակներում է կազմվել, հետևաբար, վարույթի շրջանակներում կազմված զեկուցագիրը՝ ինչպես նախորդ, այնպես էլ՝ նոր խմբագրությամբ չի կարող դիտվել այլ՝ արտավարույթային փաստաթուղթ»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը հետաձգել է միջնորդության քննարկումը՝ մինչև ապացույցների հետազոտումը։ Այսօր կայացած նիստում դատարանն ավարտել է նախնական դատալսումների փուլը, հաջորդ նիստին ՝ հիմնական դատալսումների փուլի շրջանակներում կհետազոտվեն գործում առկա ապացույցները։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո