Մենք մեր տների մեջ պատանդառված ենք․ Հալեպում հումանիտար ու անվտանգային ճգնաժամ է

Մենք մեր տների մեջ պատանդառված ենք․ Հալեպում հումանիտար ու անվտանգային ճգնաժամ է

Սիրիան կորցրեց իր ամենանշանավոր կենտրոնը, ամբողջ Մերձավոր Արևելքի համար առևտրատնտեսական կարևոր հանգույց համարվող Հալեպը։ Ամբողջ քաղաքն այժմ պաշարված է ընդդիմադիրների կողմից հովանավորվող զինյալ խմբավորումների մարտիկներով։ Այնտեղ ապրող մարդիկ, այդ թվում՝ հայկական ամենամեծ գաղութներից մեկը՝ հայկական համայնքը, պատանդառված են իրենց տներում։

«Այլևս հույս չունենք, որ որևէ մեկը մեզ կօգնի։ Ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ գերտերությունները քայլ չեն անում գոնե մարդասիրական ճանապարհ տան, որ դուրս գանք այս դժոխքից։ Բոլորս մեր տներում գերի ենք, դուրս չենք գալիս, որովհետև ռմբակոծությունները դադար չունեն։ Ամբողջ ընտանիքով հիվանդ ենք, տան ունեցած դեղորայքը սպառվել է, դրամանատները փակ են, իսկ եթե անգամ բաց են, ապա այն վաճառվում է եռակի-քառակի անգամ թանկ»,- MediaHub-ին պատմում է Հալեպում ապրող Գևորգ-Հովհաննես Ճոսլակյանը։

Ճգնաժամային վիճակում է ամբողջ Սիրիան։ Քաղաքական ճակատում ևս գործուն քայլեր, ըստ մեր զրուցակցիչ, են կատարվում։ Արտաքին գործերի նախարարը մեկնել է Իրաք․ Հալեպում հույս ունեն, որ Բաղդադը կմիջամտի ու կյանքի ճանապարհ կտան ժողովրդին։

«Ես վճռական որոշում եմ կայացրել, այլևս այստեղ չեմ ապրելու, թեպետ կյանքիս տարիներն անցել են Հալեպում, բայց տեղափոխվելու ենք Հայաստան։ Ոչ ոք չգնահատեց Հալեպի նշանակությունը»,- ասում է նա։ 

Հալեպը պաշարելուց զատ, սիրիական լրատվամիջոցները գրում են, որ ընդդիմադիր ուժերը երեկ վերահսկողության տակ են առել նաև Համա նահանգը։ Թեժ մարտերի ու հրթիռակոծությունների ընթացքում սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են ավելի քան 300 զինյալի, ՀՕՊ համակարգերի միջոցով կանխել 30-ից ավելի անօդաչու թռչող սարքերի մուտքը Համայի օդային տարածք։ Չնայած կրած կորուստներին՝ զինված խմբավորումները կանգ չեն առնում։ 

«Հալեպի դեպքերը մեզ թող դաս լինեն, որ օտար բանակները Սիրիայի համար չեն կռվելու։ Մենք մեր հույսը դրեցինք դաշնակիցների վրա, դրա համար այսօր փրկություն ենք աղերսում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան