Փաշինյանի հերթական «զոհը». ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Մարտունու ԲԿ տնօրենը

Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այդ մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։
«Դիմումն այսօր է մուտք արվել, էլեկտրոնային համակարգով, բայց դեռևս չի ստորագրվել»,- հայտնեց մեր աղբյուրը։
Իսկ ինչո՞ւ է Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրել, իր կամքո՞վ է, թե՞ ԲԿ-ի շուրջ վերջին աղմուկն էր պատճառը․ փորձեցինք պարզել հենց իրենից, սակայն մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։
Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանը MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ մեզնից է տեղեկանում Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու մասին։
Հարցին, թե արդյո՞ք գոհացնող էր Հարությունյանի աշխատանքը, Հովեյանը պատասխանեց՝ այո։
Նա տեղեկացրեց, որ օրերս է հանդիպել ԲԿ ղեկավարին, բայց աշխատանքից ազատվելու մասին ոչ մի խոսք չի եղել։
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Հարությունյանի աշխատանքից ազատումը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ Մարտունու նորաբաց ԲԿ այցից հետո առաջացած աղմուկի հետ։
Հիշեցնենք, որ ԲԿ-ի բացումից հետո մոտ երեք ամիս պահանջվեց, որ բուժառուները հնարավորություն ունենան նոր մասնաշենքում բուժում ստանալու։ Տեխնիկական խնդիրներ էին առաջացել։ Այս ամենի առաջին զոհը դարձավ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, որին աշխատանքից ազատեցին հենց այդ դեպքերից հետո, և հիմա երկրորդ քավության նոխազն է հայտնվել։
Նարե Գնունի