Ես այդ կանանց քաղաքական հայացքների մասին տեղեկություն չունեմ, մեզ համար այլ հանգամանք է կարևորը․ Արշակյան
Այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Խոսքը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ «Սիներջի» ընկերության նախկին աշխատակից Անի Գևորգյանի և նույն ընկերության գործող աշխատակից Լիլի Մկրյանի մասին է, որոնց նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 1-ին կիրառել էր խափանման միջոցի ամենախիստ տեսակը՝ կալանքը։ Այն փոփոխելու համար օրեր առաջ ԱԺ ՔՊ խմբակցության ավելի քան վեց տասնյակ պատգամավոր երաշխավորություն էր ներկայացրել գլխավոր դատախազին և Քննչական կոմիտեին՝ առաջարկելով փոխել կիրառված խափանման միջոցը։
Mediahub-ն այսօր ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե արդյոք դատախազի այս որոշումը հենց իրենց միջնորդությա՞ն արդյունքում է կայացվել։
«Մեր միջնորդությունը գրավոր եղանակով է փոխանցվել, ենթադրում եմ, որ պիտի գրավոր եղանակով պատասխան ստացվի, տեղյակ չեմ՝ նման նամակ ստացվե՞լ է, թե՞ չէ»,-ասաց Արշակյանը։
-Իսկ ձեր ֆրակցիայի կողմից նման միջնորդություն ներկայացնելը Նիկոլ Փաշինյանի՞ ցանկությամբ կամ որոշմամբ է եղել, թե՞ զուտ ֆրակցիայի որոշումն է եղել։
-Ֆրակցիայի անունից է գնացել միջնորդությունը։
-Փաշինյանը տեղյակ չի՞ եղել։ Ես իմացա, որ ինքն է ասել, որ դիմեք միջնորդությամբ։
-Ես առաջարկում եմ չմեկնաբանել, էլի։ Ֆրակցիայի քննարկում է եղել ու ֆրակցիայի որոշում է եղել։
-Եթե այդ կալանավորված անձինք ընդդիմադիր լինեին, դարձյալ կդիմեի՞ք դատախազին նույն միջնորդությամբ։
-Ես իրենց քաղաքական հայացքների մասին տեղեկություն չունեմ։ Այսինքն՝ մեզ համար ոչ թե մարդկանց քաղաքական հայացքների հանգամանքն է եղել կարևորը, այլ եղել է այն հանգամանքները, որոնք արդեն նշվել են, չեմ ուզում նորից կրկնել։
-Պարզապես շատ են շեշտադրում այն, որ Տաթև Վիրաբյանը, որը կոռուպցիայի մեջ չի մեղադրվում, այլ ընդամենը ֆեյսբուքյան գրառման, իրեն երկու ամսով կալանավորեցին, ու դուք նման միջնորդությամբ հանդես չեկաք, և երբ ընդդիմադիր պատգամավորները դիմեցին, մերժվեց։
-Ընդհանրապես, իրավական խնդիրների մեջ ես չեմ սիրում համեմատություններ անել և անկեղծորեն տեղյակ չեմ էդ գործի մանրամասներից, կամ, ընդհանրապես, ինչ մեղադրանք է եղել և այլն, ես դրանցից տեղյակ չեմ։
-Ընդամենը ֆեյսբուքյան գրառում է եղել այդ կնոջ դեպքում։
-Քանի որ չեմ տիրապետում, չեմ ուզում մեկնաբանել։
-Ի դեպ, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանին ազատ չարձակեցին, բայց դուք իր մասով էլ էիք երաշխավորել։ Սրա մասին ի՞նչ կասեք։
-Այո, միջնորդությունը երեք հոգու վերաբերյալ է եղել, բայց նորից եմ կրկնում՝ քանի որ մենք գրավոր պատասխան չունենք դատախազությունից, թե ինչ ընթացք է տրվել մեր պատգամավորների կողմից ներկայացված միջնորդությանը, դրա համար չեմ կարող ասել։
-Այստեղ քաղաքական կոմպոնենտ տեսնո՞ւմ եք՝ ուղղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։
-Չեմ կարծում, համենայնդեպս, էն, ինչով որ մենք առաջնորդվել ենք, դրա մեջ չի մտնում որևէ մեկի հետ որևէ տեսակի բարեկամական կապը։
-Հնարավո՞ր է՝ սա նախադեպ լինի, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը այլևս սովորություն չդառնա դատավորների մոտ։
-Չեմ կարող մեկնաբանել, որովհետև Դուք էնպես եք ձևակերպում հարցը, որ ես ստիպված պիտի գնահատականներ տամ, որը չեմ կարող տալ։
-Դե, եթե ԲԴԽ-ն տեսանյութ է տարածում ու տալիս է, Դուք էլ կարող եք տալ։
-Չեմ կարող տալ, կներեք։
Վահե Մակարյան