Գյումրին՝ քաղաքական ճգնաժամի ճիրաններում

Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են։
Ինչպես MediaHub-ն արդեն հայտնել էր՝ «Բալասանյան դաշինքը» շուտով մանդատները վայր է դնելու, քանի որ Փաշինյանն, ամեն դեպքում, չի հարմարվում հանգամանքին, որ ՔՊ-ն այնտեղ բացարձակ իշխանություն չէ․ դե, Վանաձորի ու Ալավերդու օրինակով։
Դաշինքից էլ չեն հերքում, որ մանդատները վայր են դնելու, բայց պատճառների մասին խոսել չեն ցանկանում, անգամ անանուն մնալու պայմանով։
Նշենք, որ դեպքերի այս զարգացումը հաջորդում է նախորդ շաբաթ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու, համայնքի գործող ու նախկին փոխքաղաքապետերի ու ևս մեկ հոգու նկատմամբ հարուցված քրեական վարույթին։ Ավելին, ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում կա, իսկ նրա որդին ձերբակալվել, ապա գրավի դիմաց տնային կալանքի է տեղափոխվել։ Շատ ավելի վաղ էլ՝ անցած տարեվերջին, Բալասանյանի որդին հետ կանչվեց Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից, ընդ որում պաշտոնավարել էր ընդամենը երեք ամիս: Այլ կերպ ասած՝ քաղաքական ճգնաժամը հայրաքաղաքում առնվազն մեկ տարվա վաղեմություն ունի:
Ռեպրեսիաներն այնքան ակնառու են, որ դրանց մասին անգամ Փաշինյանը չի ցանկանում խոսել․ մանեւրելու տեղ չունի։ Երեկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, երբ իրեն ընդդիմադիր պատգամավորներից մեկն այս ամենի մասին հարց ուղղեց, Փաշինյանն ուղղակի արձագանքեց՝ ինքն անգամ այդքան բան չգիտեր Գյումրիում տեղի ունեցած զարգացումների մասին։
Ինչեւէ, արդեն իսկ պարզ է, որ Գյումրին իշխանափոխության շեմին է, օրերի հարց է այդ ամենը, սակայն, համայնքապետարանից դժվարանում են պատասխանել հարցին, թե երբ է լինելու մանդատները վայր դնելու գործընթացը։
«Ոչինչ չենք ասելու այդ մասով, մենք ուղղակի չենք մեկնաբանում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց համայնքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։
Այնուամենայնիվ, դաշինքից մեզ վստահեցնում են, մանդատները վայր դնելը ժամերի հարց է, եթե իհարկե, շրջադարձային փոփոխություններ չլինեն։
Նարե Գնունի