Առաջարկվում է, որ օնլայն տաքսիներն ամեն պատվերից 100 դրամ պետտուրք վճարեն. դա կբերի թանկացման
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, համաձայն որի էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար յուրաքանչյուր փոխադրման դեպքում կսահմանվի պետական տուրք։
Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ասաց, որ օնլայն փոխադրումների ոլորտը կարգավորված չէ, փոփոխություններով օնլայն փոխադրումներ իրականցնողներին տալիս են կարգավիճակ։ «Նրանք գործունեության ծանուցման ենթակա կազմակերպություն պետք է դառնան, դրա համար վճարեն պետական տուրք , ինչպես նաև նախարարությունն առաջարկում է, որպեսզի ամեն փոխադրումից պետական տուրք գանձվի` 100 դրամի չափով»,-ասաց նա։
Պետական տուրքի գանձումը դրվելու է ոչ թե վարորդների, այլ կազմակերպությունների վրա։
Անդրադառնալով հարցին, թե դա չի՞ հանգեցնի ծառայության սակագնի բարձացմանը, փոխնախարարն ասաց․
«Առնվազն 100 դրամով կհանգեցնի ամեն պատվերի թանկացմանը, եթե ընդունվի 100 դրամի մեխանիզմը»,-ասաց նա։
MediaHub.am-ի հարցին ի պատասխան, թե ոլորտը կարգավորելո՞էւ են նաև գների սահմանման հետ կապված, քանի որ նույն ուղղությունը տարբեր ժամերի սպասարկվում է տարբեր գներով, կամ այս դեպքում պետական տուրքի գանձումը նույն չափով է լինելու, փոխնախարարը նշեց, որ տարբեր սակագները պայմանավորված են պիկ ժամերով, եղանակային պայմաններով և եթե անբարեխիղճ վարքագծի հետ գործ ունենք, ապա այդ հարցով ՏՄՊՊՀ-ն է զբաղվում։
Մանրամասներ՝ տեսանյութում
Անի Գևորգյան