Քրիստոսի արձանի կառուցումը Քերոբյանը շարունակում է շռնդալից զբոսաշրջային նախագիծ համարել

Իմ կարծիքը չեմ փոխել, զբոսաշրջային առումով այնպիսի կառույց է, որը կկարողանա մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում պատասխանելով MediaHub.am-ի հարցին՝ չի՞ փոխել իր տեսակետը Հիսուսի արձանի կառուցման մասին, կրկին այն շռնդալից ու աննախադեպ է համարում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Եթե նախագիծը իրականանա, հաղթահարվեն բոլոր խնդիրները, լուծվեն բոլոր դժվարությունները նախագծի հետ կապված, ապա ես վստահ եմ, որ դա խոշորմասշտաբ ներդրում է: Մենք խոսում ենք տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր միլոնավոր ներդրումների մասին»,-ասաց նա։ Անդրադառնալով հարցին, թե երբ Գագիկ Ծառուկյանի հետ Հատիս սար էր գնացել, գիտե՞ր, որ կառավարությունում այդ հարցի շուրջ տարաձայնություններ կան, նախարարն ասաց․

«Տեղյակ չեմ եղել, բայց դա որևէ խնդիր էլ չէր»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարել էր, որ նախանական դրական գնահատական է տրվել Հատիս սարի վրա Հիսուսի արձանի կառուցման նախագծին՝ նկատելով, որ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կմեծացնի: Սակայն երբ հուլիսի 9-ին Հատիս սարի վրա Գագիկ Ծառուկյանը, MediaHub.am-ի հարցին պատասխանելով, ասել էր, որ իր կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ կապված բան չի փոխվել, դրանից հետո ԿԳՄՍՆ-ը դիմեց իրավապահներին՝ Հատիս լեռան գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան