Աշխարհի ամենահարուստ մարդիկ ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետևանքով կորցրել են 208 միլիարդ դոլար

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը նվազել է 208 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հանգեցրել են համաշխարհային շուկաների անկմանը: Այս մասին հայտնել է «Bloomberg»-ը։
Ըստ «Bloomberg Billionaires Index»-ի (BBI)՝ դա չորրորդ ամենամեծ մեկօրյա անկումն էր ինդեքսի 13-ամյա պատմության մեջ և ամենամեծը՝ COVID-19 համաճարակից ի վեր։ Նշվում է, որ ցուցակում հայտնված միլիարդատերերի կեսից ավելիի կարողությունը նվազել է միջինը 3,3%-ով։
Ըստ հաշվարկների՝ ամենալուրջե տուժել են ամերիկացի միլիարդատերերը, մասնավորապես՝ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։ Մեքսիկայի ամենահարուստ մարդը՝ Կառլոս Սլիմը, եղել է Միացյալ Նահանգներից դուրս մի քանի միլիարդատերերի թվում, ովքեր խուսափել են մաքսատուրքերի բացասական ազդեցությունից։
Ցուկերբերգը կրել է ամենամեծ կորուստները․ Meta-ի բաժնետոմսերի 9%-ով անկումը կրճատել է նրա կարողությունը 17,9 մլրդ դոլարով։ Amazon-ի բաժնետոմսերը նույնպես նվազել են 9%-ով, ինչը հանգեցրել է Ջեֆ Բեզոսի կարողության նվազմանը 15,9 մլրդ դոլարով։ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կորցրել է 11 մլրդ դոլար այն բանից հետո, երբ ընկերության բաժնետոմսերը 5,5%-ով անկում են ապրել։