Նյարդաբանը զգուշացրել է տարեցներին քնի փոփոխության մասին

60-65 տարի հետո քնի հետ կապված խնդիրներ են նկատվում յուրաքանչյուր երկրորդ մարդու մոտ, ասում է նյարդաբան և հոգեբույժ Ռուսլան Իսաեւը։ Նա KP.RU-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչի հետ են կապված քնի տարիքային փոփոխությունները։
Նյարդաբանը նշել է, որ տարեց մարդիկ ամենից հաճախ բողոքում են քնելու հետ կապված խնդիրներից և գիշերային հաճախակի արթնացումներից։
Նրա խոսքով՝ եթե երիտասարդ և միջին տարիքում մարդիկ սովորաբար քնում են 15 րոպեի ընթացքում, ապա 60-ից հետո քնելու համար միջինը 30 րոպե է պահանջվում։ Իսաեւը բացատրել է, որ դա պայմանավորված է մելատոնին հորմոնի արտադրության նվազմամբ, որը պատասխանատու է ցիրկադային ռիթմերի կարգավորման համար։
Մասնագետը նշել է, որ տարեց մարդիկ կարող են ավելի վաղ արթնանալ։
Ըստ նրա՝ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, եթե մարդն իրեն կենսուրախ ու հանգիստ է զգում։ Եթե ի հայտ են գալիս քրոնիկական անքնություն, հոգնածություն, դյուրագրգռություն և մոռացկոտություն, ապա դրանք մտահոգության լուրջ պատճառներ են։