Ավինյանը 6 դատական հայց է ներկայացրել ԶԼՄ-ների և ՀՀ նախկին վարչապետի դեմ. «ՀՐԱՊԱՐԱԿ»

Ավինյանը 6 դատական հայց է ներկայացրել ԶԼՄ-ների և ՀՀ նախկին վարչապետի դեմ. «ՀՐԱՊԱՐԱԿ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Երեկ Երեւանի ավագանու արտահերթ նիստով Տիգրան Ավինյանը դարձավ Երեւանի հինգերորդ փոխքաղաքապետը։ Այս մասին մենք դեռ տարեսկզբին էինք գրել, բայց նշանակումն ուշացավ: Նա պատասխանատու է լինելու բազմաթիվ ոլորտների համար՝ մշակույթից մինչեւ աղբահանություն, իսկ 2023 թվականին, ըստ Փաշինյանի եւ նրա ՔՊ-ի պլանների, նստելու է քաղաքապետի աթոռին։ Եթե այդ պլանները հաջողվեն, ապա երեւանցիները, ի դեմս Ավինյանի, կունենան ամենափակ, ամենամութ ու գաղտնապահ քաղաքագլուխը, որն ընդհանրապես հաշվի չի նստում հանրության հետ եւ անթաքույց պայքար է մղում ազատ մամուլի դեմ։ Ավինյանի գլխավորած կառույցը՝ «Պետական հետաքրքրությունների ֆոնդ» անունով (ԱՆԻՖ), այս պահին 6 դատական հայց ունի ԶԼՄ-ների դեմ։ Ֆոնդը դատի է տվել «Հրապարակ»,  «168 ժամ» թերթերին, «Փաստինֆո»  կայքին, այս ռեսուրսների լրագրողներին, ովքեր հանդգնել են հետաքրքրվել Ավինյանի ղեկավարած ֆոնդի գործունեության ֆինանսական կողմով։ Հանրային պարզ հետաքրքրությունը, որը նաեւ պետական ֆինանսական միջոցների ծախսման ուղղությամբ հետաքրքրություն է, հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Տ․ Ավինյանը համարել է իր ղեկավարած կառույցի` հիմնադրամի գործարար համբավին հասցված վնաս։  

Տիգրան Ավինյանի թիրախում միայն լրատվամիջոցները չեն, նա դատի է տվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` միայն այն բանի համար, որ վերջինս իրեն թույլ է տվել կարծիք-կասկած հայտնել, թե ազգային ավիափոխադրողի ընտրությունն առանց մրցույթի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Այդ կասկածի համար Ավինյանը հայց է ներկայացրել ոչ միայն հարցազրույց տվող նախկին վարչապետի, այլեւ հարցազրույցը վարած լրագրող Սյուզան Սիմոնյանի դեմ: Ավելին` Ավինյանի պահանջով արգելանք է դրվել Հրանտ Բագրատյանի եւ «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա:

Իր, ինչպես նաեւ ԱՆԻՖ հիմնադրամի տնօրեն Դավիթ Փափազյանի աշխատավարձի չափը, որը գոյանում է այդ թվում նաեւ պետբյուջեից վճարված գումարներից, Ավինյանը համարում է անձնական տվյալ, որը հրապարակման ենթակա չէ։ Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ գործունեություն է ծավալելու պարոն Ավինյանը, եւ ինչպես է ոտնահարվելու հանրության տեղեկացված լինելու իրավունքը, եթե նա հանկարծ հայտնվի Երեւանի քաղաքապետի պաշտոնում։

Ամբողջական հոդվածը՝ թերթիի այսօրվա համարում։