«Եթե իշխանությունից չհեռացրեցինք Փաշինյանին, որպես պետություն կարող ենք վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից»․ «Փաստ»

«Եթե իշխանությունից չհեռացրեցինք Փաշինյանին, որպես պետություն կարող ենք վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ «Փաստը» զրուցել է սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հնչեցված մի շարք հայտարարությունների, թեզերի, ինչպես նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք հիմնախնդիրների ու դրանք հաղթահարելու հնարավոր ելքերի մասին: Անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ քաղաքագետը նախ մեզ հետ զրույցում առանձնացրել է այն կարևոր կետերը, որոնք այդպես էլ չհնչեցին այդ ամբիոնից:

«ՄԱԿ-ում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ խոսեց ընդամենը Արցախում ապրող հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման մասին: Նա անարդարացիորեն ու անիրավացիորեն ոչինչ չասաց նախ այն մասին, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը կարգավորված չէ: Թեպետ ենթատեքստում նման մի միտք ասաց, բայց այդ մասին հստակ էր պետք արձանագրել: Նա նաև չասաց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի այդ նպատակով ստեղծված, միջազգային միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված միջազգային իրավունքի երեք՝ ազգերի ինքնորոշում, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Ես միջազգային իրավունքի կարևոր մի սկզբունք ևս կավելացնեի, որի մասին Փաշինյանը չասաց, թեպետ խիստ կասկածում եմ, որ այս ամենի մասին գիտելիքներ ունի: Խոսքը վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի մասին է, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքներից մեկն է»,-ասաց քաղաքագետը:

Հաջորդ արձանագրումը, որը, ցավալիորեն, ՄԱԿ-ի ամբիոնից չարեց Փաշինյանը, քաղաքագետի դիտարկմամբ, հետևյալն է. «Նա չասաց, որ Արցախի ժողովուրդը իրացրել է միջազգային ակտերով սահմանված ինքնորոշման իր իրավունքը, և այն պետք է ստանա միջազգային ճանաչում: Այդ իրավունքն իրացվել է 1991-ին՝ սկզբում Արցախը Հանրապետություն հռչակելու հռչակագրով, հետո իր տրամաբանական գագաթնակետին հասել 1991-ի դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Հիմա պահն էր ասել, որ այդ իրացված իրավունքը պետք է միջազգային ճանաչում ստանա: Փաշինյանը, օգտագործելով ՄԱԿ-ի ամբիոնը, պետք է ասեր նաև, որ Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքները և դրանք պետք է ազատի: Առհասարակ, մասնագիտական հանրույթի, քաղաքական գործիչների շրջանում ես շատ եմ նկատում, որ խոսում են միայն Հադրութի և Շուշիի մասին: Սա վերին աստիճանի սխալ մոտեցում է: ԱՀ օկուպացված տարածքները միայն Հադրութն ու Շուշին չեն»:

Բերելով հիմնավորումներ, հղում անելով 2022 թ. փետրվարի 18-ին ԱՀ ԱԺ կողմից ընդունված «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին՝ քաղաքագետը ևս մեկ հիմնավորման մասին մատնանշեց. «1921 թվականի հուլիսի 5-ին, երբ կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն կրկին անիրավացիորեն քննարկել է Արցախի հարցը ու որոշել, որ Արցախը լայն մարզային ինքնավարության կարգավիճակով պետք է գտնվի Խորհրդային Ադրբեջանի կազմում, այնտեղ նշվել է, որ ինքնավարությունը պետք է տարածվի ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա: Այսինքն, ԼՂ-ն միայն Շուշին, Հադրութը, Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Ստեփանակերտը չէ: ԼՂ մաս են համարվում նաև Շահումյանը, Քարվաճառը, Քաշաթաղը, Քաշունիքը, Կովսականը, Ջրականը, Վարանդան, Ակնան:  Այսինքն, դրանք ի սկզբանե պետք է մտնեին ԼՂ ինքնավար մարզի սահմանների մեջ: Սակայն Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը մարզը ձևավորել է այնպես, որ պատմականորեն և աշխարհագրորեն ԼՂ միավորումից միտումնավոր դուրս է թողել նշված շրջանները ու հետագայում անիրավացիորեն մտցրել Խորհրդային Ադրբեջանի կազմ»:

Քաղաքագետը շեշտեց՝ 1994-ին, ազատագրելով նշված տարածքները, Արցախի պաշտպանության բանակն արդարացիորեն ԱՀ-ին վերադարձրեց այն տարածքները, որոնք պետք է մտնեին ԼՂԻՄ կազմի մեջ, որի հիման վրա ու նաև հարակից Շահումյանի շրջանի սահմաններում էլ հռչակվել է ԼՂ Հանրապետությունը. «Փաստորեն կարող ենք արձանագրել, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հակամարտությունը կարելի է կարգավորված համարել, եթե երաշխավորվեն Արցախում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը: Ես կարող եմ պնդել, որ Փաշինյանի նման մոտեցումը իր էությամբ հակաարցախյան է, կատարելապես հակասում է ԱՀ ամբողջ և ՀՀ-ի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային պետական շահերին: ԱՀ-ում, ՀՀ-ում, Սփյուռքում բնակվող մեր հայ ժողովուրդը այսօր ազգային կարևորության մեկ կենսական խնդիր ունի. բոլորիս ուժերի գերլարմամբ պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Պետք է կարողանանք իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանն իսկապես գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում բնակվող հայության համար»:

Այն հանգամանքում, որ Փաշինյանը ՄԱԿում շեշտում էր միայն ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, քաղաքագետը ևս հստակ շեշտադրումներ է տեսնում: «Նախ՝ 29800 քառակուսի կիլոմետրի շեշտադրումը կրկին ի ցույց է դնում այն պնդումը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արցախից և կենտրոնանում է ՀՀ-ի վրա: Բայց այս պարագայում էլ խիստ վերապահմամբ կարելի է ասել այդ «կենտրոնանալ» բառը, որովհետև, բոլոր դեպքերում, իր ելույթի մեջ ես տեսա խնդրողական, վախեցած մարդու խոսք: Շատ հետաքրքրական պատկեր է ստեղծվել՝ ինքը ելույթ էր ունենում ՄԱԿ-ի ամբիոնից, իսկ օկուպանտ Ադրբեջանի սուլթանը սեպտեմբերի 21-ին Բերձորում՝ ԱՀ օկուպացված Քաշաթաղի շրջանում, դրոշ բարձրացրեց ու կրկին հոխորտանքներ հնչեցրեց՝ ուղղված հայությանը, Հայաստանի վարչակազմին: Իսկ Փաշինյանի ելույթը լսելով՝ ինձ մոտ տպավորություն էր, որ Փաշինյանը պատրաստ է ամեն գնով ստորագրել «խաղաղության պայմանագիրը»:

Թեպետ ասեմ, որ խիստ թերահավատ եմ, որ այդպիսի պայմանագիր, այդուհանդերձ, կստորագրվի, որովհետև չի կարող ստորագրվել մի փաստաթուղթ խաղաղության մասին, երբ այդ նույն խաղաղության մասին խոսելու ընթացքում այն սուբյեկտը, որի հետ պետք է «խաղաղության պայմանագիր» ստորագրես, քեզ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնում է: Սա չի տեղավորվում պարզ տրամաբանության մեջ»: Մյուս կողմից՝ հաշվի առնելով Փաշինյանի գործելաոճը, ըստ քաղաքագետի, «խաղաղության պայմանագրի ստորագրման» հնարավորությունը չի կարելի բացառել. «Ընդհանուր առմամբ, դա թույլ չտալու համար պետք է լինի համաժողովրդական հուժկու ընդվզում, որը զսպիչ դեր պետք է կատարի այդ քայլը բացառելու համար: Եթե նման ընդվզում չեղավ, հասարակությունը հանգիստ ընդունեց այդ հանգամանքը, իր պարագայում նման հավանականություն տեսնում եմ, բայց, ամեն դեպքում, քիչ հավանական եմ համարում ստորագրումը»:

Անդրադառնալով թշնամու վարքագծին, հարձակումներին, հրադադարը խախտելու դեպքերին՝ քաղաքագետը մի քանի իրողության մասին մատնանշեց. «Ես ամենայն ողջախոհությամբ, սթափությամբ, առանց որևէ հուզական երանգավորման եմ ասում. եթե մենք այս վիճակից դուրս գալու ռացիոնալ քայլեր, ելքեր չորոնեցինք և շատ կարճ ժամանակահատվածում իշխանությունից չհեռացրեցինք Նիկոլ Փաշինյանին, ապա մենք, որպես պետություն, կարող ենք վերանալ աշխարհի քաղաքական քարտեզից: Հայաստանի հանդեպ վարվող թշնամական, ֆաշիստական քաղաքականության ճարտապետը Թուրքիան է՝ իր կողմից արհեստականորեն ստեղծված Ադրբեջան անունով պետություն կոչվածի դեմքով: Թուրք-ադրբեջանական տանդեմը երեք նպատակ է հետապնդում. առաջին՝ որ Հայաստանը ստորագրի մի փաստաթուղթ, որով Արցախն ամբողջությամբ կճանաչվի Ադրբեջանի մաս, և այդպես Արցախի մասով հարցը փակված համարվի: Երկրորդ նպատակն է, որ Հայաստան պետությունը հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից: Երրորդ նկատակը կարող է լինել Կարսի պայմանագրի հաստատումը անկախ ՀՀ-ի կողմից: Այսինքն, Հայաստանը հաշտվի ՀՀ տարածքների կորստի հետ և սրանով, փաստորեն, թուրք-ադրբեջանական տանդեմը լուծված համարի հայկական հարցը: Սրանք այդ տանդեմի երեք հիմնական խնդիրներն են, իսկ մնացածը՝ հարձակումները, ագրեսիվ հռետորաբանությունը, դրան հաջորդած գործողությունները, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից թե՛ ԱՀ-ի, թե՛ ՀՀ-ի նկատմամբ, բխում են նշված երեք նպատակներից»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում