Բացառիկ մանրամասներ ՔՊ փակ ժողովից, Փարաքարում «նոր» ընտրությունների հոտ է գալիս. Մամուլը՝ սուրճով

Բացառիկ մանրամասներ ՔՊ փակ ժողովից, Փարաքարում «նոր» ընտրությունների հոտ է գալիս. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամին տրվող նվիրատվությունները խիստ կրճատվել են․ այն 6 ամիս է՝ նվիրատվության երես կա՛մ չի տեսել, կա՛մ նվիրատվությունների մասին տեղեկատվությունն այլեւս չի տեղադրվում կայքում:

Հիշեցնենք, որ հիմնադրամը ներկայում ղեկավարում է իմքայլական նախկին պատգամավոր, սփյուռքի վերջին նախարար Մխիթար Հայրապետյանը։ Վերջին նվիրատվությունը, ըստ կայքի, սփյուռքից է եղել` հուլիս ամսին, իսկ նվիրատուն ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչությունն է, որը նվիրաբերել է 1 մլն 920 հազար դրամ։ Նվիրատուների մասին տվյալները ժամանակին կայքում պարբերաբար թարմացվում էին, իսկ եթե նվիրատուները ցանկանում էին անանուն մնալ, ապա գումարը հրապարակվում էր, դիմացը գրվում էր՝ անանուն: Քանի որ Աննա Հակոբյանի օգնականների, հիմնադրամի աշխատակազմի հետ կապվել չի հաջողվում, մենք հրապարակավ հարց կուղղենք` վերջին 6 ամսում ինչ գումարներ են փոխանցվել, ովքեր են փոխանցողները, տեղեկատվությունը որոշել են չհրապարակե՞լ, թե՞ «մուծվողներն» են պակասել։

«Փաստ» օրաթերթը գրում է. Արևմտյան ֆինանսավորում ու կողմնորոշում ունեցող ՀԿ-ները, կամ, այսպես կոչված, «սորոսականները» պարբերաբար դժգոհություն են հայտնում ոստիկանությունից՝ մասնավորաբար նշելով, որ ոլորտի բարեփոխումները ձախողված են: Երեկ էլ նման մի քանի կազմակերպություն հայտարարեց, որ իրականացնում են համատեղ հանրային արշավ՝ ուղղված ոստիկանական բարեփոխումներին։ Ի մասնավորի, ստորագրահավաք է կազմակերպվում, որ «ներքին գործերի նախարարը հրավիրվի Ազգային ժողով՝ պատասխանելու քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, տրամադրի պարզաբանումներ ձախողված բարեփոխումների վերաբերյալ»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նման գործընթացները վերոհիշյալ ՀԿ-ների կողմից իրականացվում են բարեփոխումների արևմտյան «սպոնսորների» թելադրանքով: Ճիշտ է, հիմա դժգոհության հասցեատերը ՆԳ նախարարն է՝ որպես կառույցի ղեկավար, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, մեծ դժգոհություն կա նաև նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանից, որը, լինելով հենց բարեփոխումների գլխավոր համակարգող, փաստացի ձախողել է գործը, բայց կարողացել է հարվածները «վարպետորեն» իրենից հեռացնել` սլաքները ուղղելով նախարարի կողմը: Մեր տեղեկություններով, նրա նկատմամբ եղած դժգոհություններն առաջիկայում նաև հրապարակային տեսք կստանան: Եվ, ընդհանրապես, ՆԳ նախարարության շուրջ բավական պայթյունավտանգ իրավիճակ է առաջանում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 16-ին Գյումրիում տեղի էր ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեվերջյան ամփոփիչ քաղաքական ժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ ժողովից:
Նախ տեղեկացանք, որ ՔՊ-ականները շատ են եղել, այդ իսկ պատճառով մի քանի հյուրանոցներում են տեղեր ամրագրել: Ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 15-ի երեկոյան, իշխանականները Գյումրու «Տիգրան Մեծ» ռեստորանում խնջույք են արել՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, իսկ ՔՊ քաղաքական ժողովը տեղի է ունեցել «Կումկումա» ռեստորանային համալիրում, որտեղ մինչ ՔՊ-ականների գալը նախապես անվտանգային միջոցառումներ են արվել, ստուգել, ժողովի ողջ ընթացքում էլ տարածքը ոստիկանների հսկողության տակ է եղել:
Ժողովը տեւել է մոտ 5-6 ժամ, իսկ օրակարգում հիմնականում արտաքին քաղաքական եւ կուսակցական հարցեր են եղել:

Կուսակցական մասով նախ ելույթ-զեկույց է ներկայացրել ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, իսկ արտաքին հարցերով խոսել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հետո նրանք պատասխանել են ներկաների հարցերին:

ՔՊ ժողովին ամփոփիչ ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ կրկնելով կուսակցաշինության վերաբերյալ հիմնական թեզերը, ինչ նախաձեռնող խմբի նիստերին:
Նիկոլ Փաշինյանը «դասախոսություն» է կարդացել իր թիմակիցների համար, որ պետք է գործել թիմային ու չշեղվել կուսակցության գաղափարախոսությունից:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Արցախի ու արցախահայերի խնդիրների վերաբերյալ ՔՊ ժողովի ընթացքում քննարկում չի եղել»:

«Հրապարակ» թերթը գրում է.  Փարաքար խոշորացված համայնքում կրկին քաղաքական ցնցումներ են հասունանում։ Գործող համայնքապետ Դավիթ Մինասյանը, որ բանավոր համաձայնությամբ 2,5 տարի անց պաշտոնը պետք է զիջեր ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին, մեր տեղեկություններով, փոշմանել է։ Քաղաքական թիմերը, հիշեցնենք, նման պայմանավորվածություն ձեռք բերեցին անցած տարվա հունվարին, երբ ընտրություններից հետո ոչ մի ուժ մեծամասնություն չուներ: Երկար քննարկումներից, ծեծկռտուքներից ու բոյկոտներից հետո ամենաքիչ ձայներ հավաքած «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիա կազմեց ոչ թե ընդդիմադիր «Ապրելու երկրի», այլ ՔՊ-ի հետ, որին պետք է 2,5 տարուց զիջեր համայնքապետի աթոռը։ 

Ասում են՝ Դավիթ Մինասյանի «աթոռը տակից գնում է» ոչ այնքան ՔՊ-ականների, որքան իր խմբակցության պատճառով։ Նրանք դժգոհ են համայնքապետից, ասում են` Մինասյանն իրենց տիրություն չի անում, եւ հիմա ո՛չ «շեֆին» են ուզում, ո՛չ ՔՊ-ին։ Ներքին տարաձայնությունների պատճառով ավագանու նիստեր էլ չեն կայանում` 11 հոգի չի գալիս, եւ քվորում ապահովել չի հաջողվում։ Հարցի լուծման 2 տարբերակ է քննարկվում՝ կա՛մ անվստահության գործընթաց սկսել՝ հեռացնել համայնքապետին, կա՛մ հասնել նրա հրաժարականին։ Երկու դեպքում էլ շահում է «Ապրելու երկիրը»։ Բանն այն է, որ Փարաքարի 21 հոգանոց ավագանիում 10 մանդատ ունի «Ապրելու երկիրը», որը Դավիթ Մինասյանի՝ համայնքապետ դառնալուց հետո ավագանու ոչ մի նիստի չի մասնակցել, բայց նաեւ վայր չի դրել մանդատները։ Մեր տեղեկություններով՝ ավագանու այն անդամները, որոնք դեմ են ե՛ւ Մինասյանին, ե՛ւ ՔՊ-ից Լյուդվիգ Գյուլնազարյանին, նոր ընտրությունների դեպքում ձայն կտան «Ապրելու երկրի» թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին։ Մեզ հետ զրույցում Վ. Գրիգորյանը հաստատեց՝ Փարաքարի համայնքապետարանում անառողջ մթնոլորտ է։ 

«Ընտրություններից հետո 1 կամ 2 անգամ է ավագանու նիստ գումարվել, նիստեր չեն լինում, քանի որ ամեն մեկն իր պրինցիպներով է առաջնորդվում։ Անընդատ արտահերթ են դնում, բայց քվորում ապահովել չի հաջողվում»,- ասաց նա։ Փարաքարի ՔՊ խմբակցության ղեկավար Արաքսյա Վարդանյանը պնդում է՝ քաղաքական ուժերը հաշտ ու համերաշխ են, գոհ են Դավիթ Մինասյանի կառավարումից, բայց չեն հանդուրժի պայմանավորվածության խախտում՝ վերջին 2,5 տարին իրենցն է։ Հարցին՝ Դավիթ Մինասյանը 2 տարվա կառավարման ընթացքում որպես համայնքապետ իրեն արդարացրե՞լ է, Վարդանյանը պատասխանեց․ «Այո, արդարացրել է, մենք լիքը լավ ծրագրեր ենք միասին արել»։ Հնարավո՞ր է, որ ՔՊ-ի գոհունակությունը դրսեւորվի նրանով, որ Դավիթ Մինասյանը չհեռանա եւ հաջորդ 2,5 տարին էլ ղեկավարի Փարաքար համայնքը։ Վարդանյանն ասաց՝ «բացառվում է»։ «Մենք աշխատում ենք 2,5-ի պայմանով։ Այնպես չէ, որ գոհ ենք, մտածում ենք՝ մնացած 2,5 տարին էլ է ինքն աշխատելու։ Որեւէ կարծիք, խոսակցություն չկա, որ նա Լյուդվիգ Գյուլնազարյանի փոխարեն էլ կղեկավարի։ Մենք շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, ամեն նիստի ժամանակ էլ հիշեցնում ենք, որ գալու է Գյուլնազարյանի կառավարման ժամանակահատվածը»,- նշեց նա։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի եւ նրա խմբակցության ղեկավար Էմին Երիցյանի հետ, ով նաեւ Համայնքների միության նախագահն է։