Փաշինյանի ներկայացումը Գյումրիում․«Հրապարակ»

 Փաշինյանի ներկայացումը Գյումրիում․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Դեկտեմբերի 16-ին՝ շաբաթ օրը, Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երրորդ քաղաքական ժողովը, որից մեկ օր առաջ էին ՔՊ-ականներն ու Նիկոլ Փաշինյանը մեկնել հայրաքաղաք: Նրանք, ավանդույթի համաձայն, «յոթ օր, յոթ գիշեր» քեֆ են արել։ Ժողովի նախօրեին կերուխումը եղել է «Տիգրան Մեծ», ժողովից հետո՝ «Կում կում» ռեստորանում։ 

Իշխանականների «տժժիկները» Գյումրիում  խաթարել են տեղացիների անդորրը․ նախ՝ որովհետեւ քաղաքը ոստիկանախեղդ են արել, իսկ Նիկոլ Փաշինյանը տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած կորտեժով է տեղից տեղ ուղեւորվել, եւ ողջ երթեւեկությունն է կաթվածահար եղել: Գյումրվա հավաքից հետո, ասում են, ծանր տրամադրություններ են տիրել նաեւ Շիրակի ՔՊ-ում․ Նիկոլ Փաշինյանը տհաճ խոսակցություն է ունեցել նրանց հետ, դժգոհություններ հայտնել նրանց աշխատանքից եւ հասկացրել, որ կադրային փոփոխություններ է անելու։ Պաշտոնական հաղորդագրությունը, իհարկե, ըստ ավանդույթի, աղքատիկ էր, ոչինչ չասող։ Մի քանի ժամանոց քննարկումից մի քանի տող են տարածել՝ հայտնելով․ «Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր»։

Զարմանալի է, որ իշխող ուժի պաշտոնական հաղորդագրությունից բացակայում է տեսլականի բովանդակությունը, առավել ուշագրավ է, որ պաշտոնական տեքստում թեկուզ հպանցիկ չեն անդրադարձել իրենց կողմից այդքան սիրելի դարձած կոռուպցիայի թեմային։ Բանն այն է, որ քաղաքական խորհրդում ուշագրավ  քննարկում է ծավալվել երկու թեմայով էլ, եւ թերեւս դա է պատճառը, որ նպատակահարմար չեն համարել ժողովրդին իրազեկել այդ մասին։
Մասնավորապես արտաքին քաղաքական տեսլականի քննարկման ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ հիմնական զեկուցող՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել են տխուր իրականության մասին, որ թեեւ իրենք կաշվից դուրս գալով  հակառուսական քայլերի են գնում, սակայն արտաքին քաղաքական վեկտորը դե ֆակտո փոխելու իրենց քաղաքականությունն Արեւմուտքի կողմից ըստ արժանվույն չի գնահատվում, եւ իրենց ակնկալած օգնությունն ու աջակցությունը չեն ստանում եվրոպաներից, փոխարենը հայտնվել են ՌԴ մահակի տակ, ուստի եկել են եզրահանգման, որ պետք է թուլացնել ՌԴ-ի դեմ տարվող քաղաքականությունը եւ ավելի փափուկ՝ «հա՛մ յուղելու, հա՛մ դաղելու» քաղաքականություն իրականացնել ՌԴ-ի դեմ, մինչեւ հասկանան իրավիճակը։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու թեմային, ապա խոսվել է կոռուպցիայի դեմ անողոք պայքար մղելու վճռականության եւ մանավանդ՝ հեղափոխականների կողմից նման դրսեւորումները բացառելու մասին։ Փաշինյանը հասկացրել է, որ կոռուպցիոն պատմությունների կիզակետում հայտնված ՔՊ-ականները պետք է պատժվեն: Դա կլինի քաղաքական պատիժ, թե քրեական` ցույց կտա ժամանակը, բայց ոչ մեկին ներում-բեկում չի լինելու` նման մարդիկ չպետք է տեղ ունենան իշխանության վերնախավում։

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է թատրոն բեմադրել՝ «կոռուպցիայի դեմ կատաղի պայքար» թեմայով, որով նախ իր ընկած վարկանիշն է փորձում բարձրացնել, նաեւ՝ սաստել «հաբրգած» թիմակիցներին, որ իմանան` ով է այս երկրում «ասողը», եւ ավելի հնազանդ հպատակվեն իրեն: Ուշագրավ է, սակայն, որ ՔՊ-ականների  պայքարի թիրախում ոչ թե գործող, այլ նախկին պաշտոնյաներն են, որպես կանոն, հայտնվում: Գյումրվա հավաքից երկու օր անց Փաշինյանի կամակատար իրավապահ համակարգը հայտնեց, որ ավարտվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործերի քննությունը: Վարդանիկը մեղադրվում է «պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով Գյումրի համայնքում գտնվող 2 տասնյակից ավել անշարժ գույք օտարելու» համար։

Պաշտոնական լուսանկարներում չնկատեցինք Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Թեեւ որոշվել էր, որ նեղ կազմով պետք է ժողովն անցկացվի` միայն ՔՊ վարչության անդամներ, կառավարության կազմ, ԱԺ հանձնաժողովների եւ տարածքային կառույցների ղեկավարներ, սակայն, դիցուք, Լուլուն մասնակցում էր, իսկ Ավինյանը` ոչ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում