Ատելությունը՝ որպես քաղաքական կապիտալ և իշխանության աղբյուր

Ատելությունը՝ որպես քաղաքական կապիտալ և իշխանության աղբյուր

Կան մի քանի պարզ իրողություններ, առանց որոնց առերեսվելու, դրանք խոստովանելու և դրանց դեմ պայքարի համարժեք միջոցներ գտնելու՝ անհնար է ոչ միայն իշխանափոխությունը, այլև ընդդիմության նույնիսկ մասնակի հաջողությունը։

Նախ, պետք է ընդունել, որ այսօրվա իրականությունը հնարավոր դարձավ բացառապես մեկ պատճառով՝ այն, որ հրաշալի նախապատրաստված մանիպուլյացիաների միջոցով 2018-ին Հայաստանում խելահեղ և կործանարար ուժ ունեցող երևույթը՝ ատելությունը, փոխակերպվեց քաղաքական կապիտալի։

Ցավոք, այդ գործում իրենց դերակատարումն ունեցան նաև այսօրվա տիտղոսային ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, որոնք ամեն կերպ նպաստեցին նման վտանգավոր և բևեռացված հանրային տրամադրությունների գեներացմանը։

Չորսուկես տարվա հեռավորությունից ակնհայտ է, որ 2018-ի պետական հեղաշրջման հենքն ամենազոր ատելությունն էր, ոչ թե հանունը, զարգացումը կամ առաջընթացը։ Հսկայական չիրացված պոտենցիալի փոխարեն՝ գործի դրվեց հենց ատելությունն ու թշնամանքը։

Փաշինյանի իշխանակալումից օրեր անց արդեն պարզ էր, որ «թավշյա հեղափոխության» շահառուն հանրության ստորին խավն է, ընդ որում՝ ոչ թե սեփական կենսամակարդակի բարելավման, այլ այլոց երևութական ունեզրկման միջոցով։ Հանրության տականքը կենդանական հրճվանք էր ապրում, երբ պարզունակ ամբոխահաճությունը բավարարում էր նրա թարախն ու մաղձը, և կեղծ ժողովրդաիշխանության քողի տակ ներվում էին կարգազանցների տույժ-տուգանքները, որոնք որևէ դեպքում չպետք է ներվեին։

Էլ ի՞նչ է պետք՝ պլեբս, ուռա-ժողովրդավարություն, թշնամի կարգված և անարգանքի սյունին գամված «նախկիններ»։ 2018-ի մայիսի 8-ից ի վեր գեթ մեկ օր ո՛չ բովանդակությամբ, ո՛չ էլ բնույթով չի եղել հետհեղափոխական վարչակարգ։ Իր իշխանավարման հինգերորդ տարում Փաշինյանն իրեն դեռևս որպես ընդդիմադիր է դիրքավորում՝ պատասխանատվությունը գցելով ում վրա ասես։ Սա ի սկզբանե պարտության «հեղափոխություն» էր, քանի որ այն հաղթած ուժն իրականում, փաստորեն, իրեն որպես իշխանություն երբևէ չի էլ դիրքավորել։ Բացի, իհարկե, այդ նույն իշխանության անսպառ բարիքներից լիուլի օգտվելուց, պետական ռեսուրսներն անխնա մսխելուց և շռայլելուց։

Հեղափոխական իշխանությունն արագորեն և անվրեպ նույնականացրեց իր ընտրազանգվածը։ Վարչապետ կարգված Փաշինյանը հենց սկզբից գիտակցեց, որ բովանդակ հակառակորդների շարքում իր հիմնական ախոյանը միտքն է, մտածելու, վերլուծելու ունակությունը, բովանդակությունը։ Որպես ավանդաբար սնանկ հայաստանյան քաղաքական և լրագրային մտքի վառ ներկայացուցիչ ու օժտված սան՝ Փաշինյանը բովանդակության և մտքի իսպառ բացակայությունը հասցրեց աննախադեպ վերելքի, անգամ կատարելության։ Նոյեմբերի 10-ից հետո անգամ նրան հաջողվեց, օգտվելով ընդդիմադիր դաշտի ապիկար և անկազմակերպ բնույթից, «մաքրագործել» սեփական մեղքը, մաֆիա խաղի լեզվով ասած՝ դառնալ կարմիր խաղացող, ավելին՝ սեփական խաղի կանոնները պարտադրել նաև մյուսներին, այդ թվում՝ իրական կարմիրներին։

Պատերազմում մեր անփառունակ պարտությունից երկու, հինգ, թե տասը տարի անց, քանի դեռ իշխանությունը հեռացված և պատժված չէ, չի կարող և չպետք է լինի ներքաղաքական այնպիսի օրակարգ, որը պատերազմի, դրա հետևանքների և մեր մարդկային, տարածքային ու նյութական կորուստների մասին չէ։ Ցանկացած այլ օրակարգ, որքան էլ թվացյալ բարեպաշտության շղարշով ծածկված լինի, ի սկզբանե կեղծ է և դատապարտված թե՛ բարոյականության, թե՛ մտքի և բովանդակության արտադրման տեսակետից։ Մինչդեռ վարչախմբի առաջարկած օրակարգը ոչ մի աղերս չունի ո՛չ բարոյականության, ո՛չ արժեհամակարգի, ո՛չ էլ անգամ քաղաքական նորմերի հետ։

Դավիթ Սարգսյան