Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է, որը տարբեր բնույթի ծառայություններ է մատուցում Փաշինյանին՝ իր ընտանեկան բիզնեսը զարգացնելու նպատակով։
Սեփական գրպանի մասին մտածողը
Կառավարության վերջին նիստում որոշում է ընդունվել «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երևանում և Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։
«ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, ընկերության 33,4% բաժնեմասը Ստեփան Ավանեսյանին է, 33,3%-ը՝ Նիկոլայ Մխիթարյանինը, եւ նույնքան բաժնեմաս էլ Մանե Բուդաղյանինը։ Սա կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է, երբ կաբինետը մաքսային արտոնություն է տալիս իր նախարարներից մեկի ամուսնու, այլ խոսքով՝ ընտանեկան բիզնեսին։ Կայացած ժողովրդավարություններում՝ նման մի միջադեպը բավարար էր, որպեսզի քաղաքական մեծ սկանդալ հասունանա, նախարարը հրաժարական տա, հարուցվեն քրեական կամ այլ վարույթներ։ «Հեղափոխական» Հայաստանում նման կոռուպցիոն դրսևորումը նորմալ է համարվում, որովհետև երկրում սեփականության տոտալ վերաբաժանում է ու եկել է «նորերի» հարստացման ժամանակը։
Անընդհատ հիշեցում
Սրանից հետո՝ երբ մեր գործընկեր լրագրողները հանդիպեն Անահիտ Ավանեսյանին, նրան անընդհատ պետք է հիշեցնեն, որ ինքը բիզնեսի «տանիք» է՝ կոռուպցիոն դրսևորմամբ։ Այդ հիշեցումն ավելի կարևոր է, քան այս նախարարի «հեքիաթները»՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության, աղի վնասակարության թեմաներով։
Վահրամ Բագրատյան