ՊՆ դանդաղկոտությունը՝ ո՛չ զոհերի թիվն է ճշգրտված, ո՛չ՝ վիրավորների

Նախօրեին՝ կեսգիշերն անց, թշնամին ՀՀ սուվերեն տարածքի մի քանի ուղղություններով պատերազմ է սանձազերծել, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 49 է։ ԱԺ ամբիոնից երեկ՝ սեպտեմբերի 13-ին, կեսօրին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այդ թիվը՝ նշելով, որ դա, ցավոք, վերջնական թիվ չէ, պարզապես տվյալները դեռ ճշգրտվում են։
Փաշինյանի այդ հայտարարույթունից անցել է մեկ օր, սակայն ՊՆ-ն ո՛չ զոհերի անուններ է հրապարակել, ո՛չ նոր թիվ։ Վիրավորների մասին էլ առհասարակ հստակ տեղեկություն չկա։
Պատճառն, ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի, այն է, որ տվյալները դեռ ճշգրտվում են։ MediaHub-ի հարցին, թե չկա՞ն արդեն պարզված տվյալներ, Թորոսյանը պատասխանեց՝ հենց լինեն ճշգրտված ցուցակներ, իրենք կհրապարակեն։
«Անձնական տվյալների մասին է խոսքը»,- ասաց նա։
Նույնը վերաբերում է նաև վիրավորների թվին․ ըստ Թորոսյանի, այն կհրապարակվի, երբ հստակեցված ցուցակներ լինեն․
«Մենք խոսում ենք շարունակական գործընթացի մասին, այս պահին էլ են մարտական գործողություններ ընթանում»,- հավելեց նա։
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ մարզպետները, համայնքապետերը վիրավորների մասին թվեր են հնչեցնում՝ դեռ երեկվանից: Իսկ նախօրեին ողբերգական դեպք էր տեղի ունեցել, երբ որդու մահվան լուրն առնելով հայրը ինքնասպան էր եղել, սակայն ընդամենը րոպեներ անց պարզվել էր, որ որդին ողջ է:
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմն Արցախում, ՊՆ-ն առաջին օրվա ավարտին արդեն իսկ հրապարակեց զոհերի ցուցակը:
Նարե Գնունի