Նոր մանրամասներ են հայտնի դարձել արքայազն Հարիի սկանդալային գրքի մասին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել արքայազն Հարիի սկանդալային գրքի մասին

Տարվա ամենասպասված գրքերից մեկն արդեն պատրաստ է եւ ամենայն հավանականությամբ կհրատարակվի ձմեռային արձակուրդներին: Ինսայդերները հայտնում են, որ այն լի է «բովանդակությամբ, որը թագավորական ամբողջ ընտանիքին ստիպելու է նյարդայնանալ»: Հուշագրության համահեղինակն ամերիկացի լրագրող եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ջ. Մերինգերն է։ Նրա ստեղծագործությունների շարքում արդեն իսկ մի աղմկահարույց ինքնակենսագրական կա՝ թենիսիստ եւ աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասիի հուշերը։

Պատմաբան եւ թագավորական կենսագիր Ռոբերտ Լեյսին կարծում է, որ սա «նրա դաստիարակության խորը, լուրջ, դատաբժշկական քննադատությունն է»։ Հետեւաբար, Մերինգերի նոր աշխատանքից սպասելիքներն ավելի քան մեծ են. «Անիմաստ է նույնիսկ ենթադրել, թե ինչ կմախքներ է նա գտնելու պահարանում»։ 

Հարրին չի շտապում բացահայտել գրքի մանրամասները։ Անցյալ տարի հայտարարելով իր հուշագրությունների մասին՝ նա ասել է, որ գրքում ներկայացված կլինեն «վերելքներ եւ վայրէջքներ, սխալներ, քաղված դասեր… իմ կյանքի պատմությունն առաջին ձեռքից՝ ճշգրիտ եւ լիովին ճշմարտացի»: Սակայն փորձագետներն ակնկալում են, որ արքայազնը եւ նրա համահեղինակը չեն շրջանցի ամենավիճահարույց եւ սկանդալային թեմաները՝ արքայադուստր Դիանայի մահվանից մինչեւ հոր և Քորնուոլի դքսուհու ունեցած բարդ հարաբերություններ, ինչպես նաեւ թագավորական ընտանիքից հեռանալու իրական պատճառները։

Հարիի հետ Մերինգերի հիմնական հարցազրույցներն անց են կացվել նախքան Սասեքսների եւ արքայական ընտանիքի անդամների հաշտությունը, որը տեղի է ունեցել Էլիզաբեթ II-ի պլատինե հոբելյանի ժամանակ։ Լեյսիի խոսքով՝ դա նշանակում է, որ գիրքը գրվել է «գրեթե կատաղության գագաթնակետին»։ Սակայն դեռ դժվար է դատողություն անել, թե վերջնական տարբերակը որքանով կտրուկ կստացվի։