Նորքի տուն-ինտերնատի բնակիչները՝ անորոշության մեջ․ թոշակ չեն ստացել

Նորքի տուն-ինտերնատի բնակիչները՝ անորոշության մեջ․ թոշակ չեն ստացել

Նորքի տուն-ինտերնատի մի խումբ շահառուներ այս ամիս թոշակ չեն ստացել։ Այս մասին MediaHub.am-ին ահազանգում են աղբյուրները։ 

«Պարտադիր քարտային վճարման համակարգի են անցել՝ առանց հաշվի առնելու, թե արդյոք թոշակառուները կարող են գնալ բանկ, բանկոմատից օգտվել, գումար հանել»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ըստ նրա՝ խոսքը մոտ ութսուն շահառուի մասին է։ 

«Այս մարդիկ փոստով են գումար ստացել, հիմա ասում են՝ բանկից պիտի գումար ստանան, իրենք անգամ քարտ չունեն։ Ու շատերը հենաշարժողական համակարգի խնդիր ունեն, չեն կարողանում մոտենալ բանկեր, խնդիրը լուծել»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Նա նաև ասաց, որ փետրվար ամսին ստանալիք գումարը չստացած մարդիկ չգիտեն՝ ինչ անել, ում դիմել։ Նա տեղեկացրեց, որ խնդրի մասին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հայտնել են, բայց դեռ արձագանք չկա։ 

MediaHub.am-ը կապ հաստատեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հասկանալու, թե ինչու է նման խնդիր առաջացել։ Նախարարությունից մեզ հայտնեցին, որ 2023 թ. փետրվարի 1-ից սոցիալական հաշվի հիման վրա բացված էլեկտրոնային փողի հաշվի միջոցով այլևս կանխիկացում հնարավոր չի իրականացվում, ուստի 2023 թ. փետրվարի 1-ից հետո «Հայփոստ»-ի էլեկտրոնային փողի հաշիվների գործարքներն ավտոմատ փոխանցվել են բանկերին, ուստի վճարումն իրականացվելու է բանկային քարտի միջոցով:

«Երեսուն քաղաքացու մասին է խոսքը, որոնք վճարման ձևը փոխելու խնդիր ունեն։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։ 

Նա տեղեկացրեց, որ փետրվարի մեկից «Հայփոստը» միայն կանխիկ է վճարում, իսկ այն շահառուները, որոնք օգտվում էին փոստի միջոցով էլեկտրոնային վճարման համակարգով, ավտոմատ բաշխվել են տարբեր բանկերի մեջ։ 

«Հիմա պետք է կազմակերպենք, որ մարդիկ այս ամիս գումար ստանան այն բանկից, որն ավտոմատ եղանակով ընտրվել է, ապա իրենք միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) աշխատակիցների աջակցությամբ կընտրեն իրենց հարմար բանկն ու թոշակ կստանան։ Այս ամիս մեր աշխատակիցների աջակցությամբ այն բանկերից կստանան գումար, որոնք ավտոմատ ընտրվել են»,- նշեց Զառա Մանուչարյանը։ 

Իսկ ո՞ւմ թերացումն է, որ տուն-ինտերնատի բնակիչները տեղեկացված չեն եղել․ նախարարությունից վստահեցնում են՝ Նորքի տուն-ինտերնատի սոցիալական աշխատակիցները բոլոր շահառուներին տեղյակ են պահել նոր կարգավորման մասին, պարզապես նրանք չեն ցանկանում բանկային համակարգից օգտվել։

Նշենք, որ ըստ գործող կարգավորման, կանխիկ թոշակ կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեն, կամ 75 տարին լրացած անձինք են: 

Նարե Գնունի