Ադրբեջանը կշարունակի ահաբեկել մեզ այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չկատարի իր պահանջները

«Ի հեճուկս բոլոր սադրանքների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն»,- «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ վստահորեն հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Սահմանին ապրող մարդիկ միայն ուրախ են վարչապետի այս խոսքերից, բայց զարմանում են․ եթե խաղաղության մասին այդքան վստահ է խոսում երկրի առաջնորդը, ինչո՞ւ է Ադրբեջանն ամեն օր կրակում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
«Խաղաղություն ամենաշատն ուզում են նրանք, ովքեր ամեն օր լսում են պատերազմի ձայնը։ Չկա մի օր, որ հանգիստ քնենք։ Ճիշտ է, համեմատած մարտ-ապրիլ ամիսների, մայիսին ինտենսիվությունը նվազել է, բայց ամեն առավոտ ժամը 4-ից 5-ի կողմերը կրակում են գյուղերի վրա։ Անցած գիշեր ոչ միայն Խոզնավարի, այլ Արավուսի և Խնածախի վրա են կրակել։ Բախտներս բերել է մինչև հիմա մարդու բան չի եղել»,-MediaHub-ին փոխանցում է Խոզնավարի բնակիչը։
Ադրբեջանական հարակից դիրքերից հայկական դիրքերի ու խաղաղ բնակիչների ամենօրյա թիրախավորումն, ըստ սյունեցիների, դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ.
«Ադրբեջանը կշարունակի ահաբեկել մեզ այնքան ժամանակ, մինչև Հայաստանը չկատարի իր պահանջները։ Կապ չունի ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նրա ոչ մի խոսքին չենք հավատում»,-համոզված է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժը վերջին օրերին ակտիվացել է նաև Տավուշում։ Հրազենային խոշոր տրամաչափի զինատեսակներով (գնդացիր) կրակում են նաև Մովես և Այգեպար համայնքների ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունն այս մասով հաղորդագրություն չի տարածել, փոխարենն ահազանգել են բնակիչները, որոնք արթնացել են կրակահերթերի ձայներից։
Հունան Թադևոսյան