ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ․ Միլլեր

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ ձևաչափով կայանալիք բարձր մակարդակի հանդիպման առանցքը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չէ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում նշել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և նրա ժողովրդավարության, տնտեսության ու ճկունության մասին է»,- ասել է պաշտոնյան։
Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը նաև վերաբերելու է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական դիվերսիֆիկացմանը, մարդասիրական օգնությանը, փախստականներին աջակցելուն։
Մեթյու Միլլերը նշել է, որ աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում է, «ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ»։
Միլլերը նաև նշել է, որ էսկալացիան ձեռնտու չէ կողմերի համար։
Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե Հայաստանը գնում է իրավիճակի էսկալացիայի, պետդեպի ներկայացուցիչը հղում է արել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությանը, որ «հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է եղել, զորքերի և հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան»։
«Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշացնել զերծ մնալ սահմանի երկայնքով սրվող հռետորաբանությունից կամ ռազմական գործողություններից: Շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծմանը, որոնցում հարգվում են բոլորի իրավունքները։ Կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է»,- ասել է Մեթյու Միլլերը։