Պատրանքային քաղաքականության հետևանքները

Երեքշաբթի օրը Հայաստան կայցելի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Խորապես համոզված ենք, որ այս այցին կնախորդեն ու կհաջորդեն հայտնի քաղաքական շրջանակների խրոխտ պնդումները հայ-ֆրանսիական դաշինքի, Հայաստանի եվրոպական կամ նույնիսկ եվրաատլանտյան հեռանկարի մասին:
Իհարկե, անկեղծ լինենք, արևմտյան մայրաքաղաքներում մեզ նման հեռանկար չեն խոստացել:
Ճիշտ հակառակը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն չի կարծում, թե Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Ճիշտ հակառակ պնդումով մեր պսևդոարևմտամետները տարիներով «քաղաքականություն» են հրամցնում՝ «հիմնավորելով» Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության անհրաժեշտությունը:
Նույն մարդիկ շարունակում եմ բռնաբարել տարրական բանականությունն ու պնդել, որ ՄԱԿ-ն ու միջազգային դիտորդները շուտով Կոսովոյի հեռանկար են բերելու Արցախին: Նույնիսկ այն բանից հետո, երբ այդ դիտորդները Արցախ ժամանեցին միայն այն բանից հետո, երբ ոչ միայն ինքնորոշման, այլ նաև հայկականության հետքեր չկային:
Ռեալպոլիտիկը դաժան բան է ու չի հանդուրժում պատրանքներ, եթե նույնիսկ մեր իշխանությունները և քաղաքական ուժերն ապրում են միայն դրանով՝ անտեսելով բանականությունը, իրականության հետ առերեսվելու անհրաժեշտությունը:
Վահրամ Բագրատյան