Խաղաղության պայմանագրում չպետք է հիշատակում լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի մեջ պետք է որևիցէ հիշատակում լինի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այդ մասին նա ասաց Արցախից ժամանած պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

«Ես չեմ կարծում, որ պետք է նման հիշատակում լինի, որովհետև դա, նախևառաջ, կարող է հայելային պահանջ ու ցանկություն առաջացնել, երկրորդը՝ Հայաստանը երբևիցէ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել ու տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի ու, գուցե, առ ոչինչ կսարքի հնարավոր կնքվելիք պայմանագիրը: Իմ անձնական կարծիքն է, որ նման բան պետք չէ անել», - հայտարարեց Սիմոնյանը: 

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է լինելու Արցախյան հարցի հետ, Սիմոնյանը կարևորեց, որ Արցախը ինքը ևս ներգրավված լինի բոլոր խոսակցություններում։ 

«Մենք Արցախին առաջարկում ենք, որ Ստեփանակերտն ինքնուրույն ներգրավված լինի բոլոր քննարկումների մեջ, իսկ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ, որովհետև եղել է տարբերակ, որտեղ Հայաստանն ու Արցախը, որպես այդպիսին, առանձնացնելու տարբերակով է եղել, մենք չենք գնացել այդ տարբերակին»:

Ըստ Սիմոնյանի՝ Ադրբեջանը մշտական ուղիղ կապի մեջ է Արցախի իշխանության հետ: ԱԺ նախագահը նշեց, որ նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանություններն ավելի շատ են տեղեկացված լինում, քան՝ իրենք։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան