Այս հանդիպումներին եղան պարզաբանումներ, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Բաբայան
Մենք դեմ չենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի ու նաև ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մի մաս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ով Արցախից ժամանած պատվիրակության կազմում մասնակցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը։
Բաբայանն ընդգծեց, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հանգեցնելու է կա՛մ արյունահեղության, կա՛մ Արցախի հայաթափման։ Նա նշեց, որ Արցախից ժամանած պատվիրակությունը երեկ հանդիպել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ, այսօր, բացի Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից, նախատեսսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետ։
«Այս հանդիպումների ընթացքում եղան պարզաբանումներ այն մասին, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,-շեշտեց նա։
Անի Գևորգյան