Սա ՌԴ-ի դեմ չէ, ՀՀ-ի համար է․ Պապոյանը՝ Փաշինյանի պրոուկրաինական հայտարարության մասին
Հույսեր ունեմ այդ հանդիպման հետ կապված, քանի որ այս երեսուն տարվա մեջ շատ ենք տեսել դեպքեր, երբ մի բան են պայմանավորվում, իսկ Ադրբեջանը վերջին պահին նոր պահանջներ է առաջ բերում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով մյունխենյան հանդիպմանը։
Նրա խոսքով՝ մի հոգուց չի կախված բանակցությունների ընթացքը։
Անդրադառնալով հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանն ու ՌԴ-ն պատռել ու դեն են նետել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մասնավորապես՝ իններորդ կետը, Գևորգ Պապոյանն ասաց՝ Լաչինի միջանցքն ո՞ւմ պատասխանատվության տակ էր, ԼՂ հայերի անվտանգությունն ո՞ւմ պատասխանատվության տակ էր։
«ԼՂ հայերը ապրո՞ւմ են այնտեղ, ոչ, չեն ապրում։ Հետևաբար այդ կետը չկա։ Եվ այսպես շարունակ։ Ուզում եմ ասել, որ Հայաստանը կատարել է բոլոր կետերը։ Բայց, ցավոք սրտի, այն, ինչ վերաբերում է Ադրբեջանին ու ՌԴ-ին, չի կատարվել։ Իրենք նոյեմբերի իննի հայտարարության բոլոր կետերը խախտել են»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե մենք Ուկրաինայի կողքին ենք, և այդ հարցում ՌԴ-ի դաշնակիցը չենք, ապա Պապոյանը նշեց, որ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն Ուկրաինայի համար չի, Հայաստանի համար է։
«Եթե մենք խոսում ենք մյուսի տարածքային ամբողջականությունից, դա նշանակում է, որ մեր տարածքային ամբողջականությունից ենք խոսում։ Սա ՌԴ-ի դեմ, կամ Ուկրաինայի համար չէ, սա ՀՀ-ի համար է։ Այստեղ այլ կոնտեքստ չկա»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։