Առաջարկ չեմ ստացել, բայց իմ գործն էլ պակաս պատասխանատու չէ․ Պապոյան

Այս պահին նման որոշում չկա, կուսակցությունում քննարկում էլ չի եղել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կուսակցությունն ունի որոշում՝ կապված էկոնոմիկայի նախարարի ընտրության հետ։

Դիտարկմանը, որ իր անունն էլ է շրջանառվում, Գևորգ Պապոյանն ասաց, որ ինքը նման առաջարկ չի ստացել։

«Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ։ ԱԺ հանձնաժողովի նախագահի աշխատանքը պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը։ Դրանք նույն կարգի պատասխանատու աշխատանքներ են»,- նշեց նա։

Անդրադառնալով մյունխենյան հանդիպմանը՝ Գևորգ Պապոյանը նշեց, որ հույս ունի, թե արևմուտքում նորից վերսկսվում են բանակցությունները։

«Մենք շատ ենք լսում Ադրբեջանից մի բան, այնուհետև, իրենք վերադառնում են Բաքու, այլ բան են ասում։ Այդ ձեռագիրը կա, և հուսով եմ, որ նախ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա, որից հետո, էլի հուսով եմ, գործընթացը մեծ թափով կսկսվի»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հերթական հայտարարությանը, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, ապա Պապոյանն ասաց, որ Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, դա մեր ներքին գործն է։

«ՀՀ Սահմանադրությունը փոխելու շատ հստակ սուբյեկտներ կան, որ ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխությունն անել։ Ու այդ սուբյեկտները կորոշեն՝ արժի նման բան նախաձեռնել, թե՞ ոչ։ Ու ժողովուրդն էլ կորոշի՝ փոխո՞ւմ է Սահմանադրությունը, թե՞ ոչ։ Դա բացարձակապես կապված է ՀՀ ներքին հարցերի կարգավորման հետ, և որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։