Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար

Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար

Տաջիկստանում այս շաբաթ ձերբակալվել է 9 մարդ, որոնք կասկածվում են մարտի 22-ին Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած զանգվածային հրաձգության, այդ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնած իսլամիստական խմբավորման հետ կապեր ունենալու համար։ Reuters-ին հայտնել է Տաջիկստանի անվտանգության ծառայությունների աղբյուրը:

Reuters-ի աղբյուրը նշել է, որ Տաջիկստանի պետական անվտանգության կոմիտեն 9 հոգու ձերբակալել է մարտի 25-ին Վախդատ քաղաքում։ 

Հրաձգությունն իրականացրած չորս անձինք Տաջիկստանի քաղաքացիներ են: Նրանք ձերբակալվել են յոթ այլ կասկածյալների հետ միասին, որոնցից մի քանիսը նույնպես միջինասիական այս երկրի քաղաքացիներ են:

Ավելի վաղ Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ հարձակմանը մասնակցած անձանց ընտանիքների անդամներին նույնպես տեղափոխել են Դուշանբե, որպեսզի ռուսաստանցի քննիչները կարողանան հարցաքննել նրանց։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ հարձակումն իրագործել է խմբավորման աֆղանական ճյուղը՝ «Իսլամական պետություն-Խորասան»-ը։ 

Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 143 մարդ, վիրավորների թիվը հասել է 382-ի։