Արդեն 2 հոգու հրավիրել ենք 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով․ Քոչարյան

ԱԺ-ն քննարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին որոշման նախագիծը։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ անհրաժեշտ է ևս վեց ամսով երկարաձգել հանձնաժողովի աշխատանքների ժամկետը։

«Մարտին հանձնաժողովի կողմից մշակվել և քննարկումներից հետո մարտի 30-ին ՊՆ-ից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը։ Դրանք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքներն իրականացնելու համար։ Նշված ցանկի համաձայն՝ ՊՆ-ն շուրջ երկու ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել է հանձնաժողովի ուսումնասիրմանը»,- զեկուցեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ ՊՆ ներկայացրած փաստաթուղթը պարունակում է շուրջ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, որոնք ունեն տասը հազար էջի չափ ծավալ, որն էլ դեռ վերջնական չէ։
«Ասեմ, որ այս երկու օրվա ընթացքում ստացել ենք մեծաքանակ մեզ հետաքրքրող փաստաթղթեր ՊՆ-ի կողմից, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում։ Փաստաթղթերի ստացման օրվանից հանձնաժողովի անդամները մանրակրկիտ ուսումնասիրում են դրանց բովանդակությունը։ Ուսումնասիրություններով ի հայտ եկած նոր հանգամանքներից կարիք է առաջանում ՊՆ-ից և պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող նոր փաստաթղթեր ու տվյալներ»,- նշեց Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ ծավալուն, բարդ աշխատանք է սպասվում, ուստի պետք է երկարաձգել աշխատանքները։ Անդրանիկ Քոչարյանը նշեց նաև, որ հանձնաժողովն արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, և երկու հրավիրյալի էլ արդեն նամակ ուղարկվել է։