Սասուն Խաչատրյանը 6 ամսվա աշխատավարձը կստանա, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն էլ հավելավճար

Խորհրդարանը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը։ Պատճառներից մեկն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները իրենց յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց չեն ստանում ո՛չ հավելավճար, ո՛չ էլ ավելանում է նրանց գործակիցները։

Արդարադատության նախարարի տեղակալ Արմինե Սարգսյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի դիմաց հաշվարկել երկու տոկոս հավելավճար։

«Ընդ որում, նախագծային այս փաթեթի փոփոխությունն առաջարկվում է ուժի մեջ դնել 2024 թվականի հուլիսի մեկից»,- նշեց նա։

Երկրորդ փոփոխությամբ էլ առաջարկվում է, որ ՀՔԾ-ի լուծարման շրջանակում նախկին աշխատակիցները տեղափոխվեն ոչ միայն Հակակոռուպցիոն կոմիտե, այլ նաև Դատախազություն և քննչական այլ մարմիններ։
«Այս մասով խնդիր էր առաջանում այն տեսանկյունից, որ նրանց արդեն իսկ աշխատանքային ստաժը չէր դիտարկվում հավելավճարի կոնտեքստում, ըստ այդմ՝ առաջարկվում է այս սոցիալական երաշխիքը ևս վերականգնել այն աշխատակիցների համար, որոնք տեղափոխված կլինեն Դատախազություն կամ քննչական մարմին»,- ասաց նախարարի տեղակալը։
Երրոդ փոփոխությունն էլ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է շատ ավելի շուտ, քան կոմիտեի մասին օրենքը կընդունվեր։ Այժմ առաջարկվում է հետադարձ ուժով վարձատրել նրան»,- նշեց Արմինե Սարգսյանը։

Հիշեցնենք, Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվել 2021-ի սեպտեմբերի 16-ին: Իսկ օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի մարտի 23-ին: Հաշվի առնելով, որ մինչեւ օրենքն ընդունելը Սասուն Խաչատրյանին արդեն նշանակել էին կոմիտեի նախագահ, բյուջեի հաշվին, փաստորեն, նրան պետք է վարձատրեն հավելյալ մոտ 6 ամսվա համար: Կառավարությունը ուզում է ընդունված նորմերին տալ հետադարձ ուժ՝ կապելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվա հետ: