Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ error. ԱԳՆ-ն դեռ չի լուծել խնդիրը, իսկ գուցե չի՞ ուզում

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը՝ error. ԱԳՆ-ն դեռ չի լուծել խնդիրը, իսկ գուցե չի՞ ուզում

Փետրվարի 13-ին տեղեկացրել էինք, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը: Այսօր էլ, երբ փորձում ես մուտք գործել այդ բաժին, error է տալիս։

Ավելի քան մեկ շաբաթ առաջ MediaHub-ը ԱԳՆ-ից հետաքրքվեց, թե ինչո՞ւ է գերատեսչության պաշտոնական կայքից հեռացվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը, ո՞րն է պատճառը, հատկապես, որ դրանից ընդամենը օրեր առաջ Ադրբեջանն էր բողոքել, որ մեր երկրի արտաքին գործերի նախարարության կայքում նման բաժին գոյություն ունի: Գերատեսչությունից պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է, վերականգնվելու է և որ այլ բաժիններ էլ կան, որ այս պահին չեն գործում։ Իսկ հարցին, թե արդյո՞ք տեխնիկական խնդրի լուծումից հետո բաժինը կվերականգնվի նույնությամբ, մեզ վստահեցրեցին՝ այո։ Բայց ահա անցել է մեկ շաբաթից ավելի ժամանակ, բայց բաժինը չի վերականգնվել։ Error է տալիս:

ԱԳՆ կայքից բացակայում է 44-օրյա պատերազմի բաժինը ևս, նույն պատասխանն ենք ստանում, երբ փորձում ենք մուտք գործել: Այլ բաժիններ էլ կան, որ այս պահին չեն գործում բայց այս երկու առանցքայինների տարօրինակ բացակայության կողքին դրանք անգամ չարժե հիշատակել:  

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ԱԳՆ կայքում «տեխնիկական խնդիրներն» ի հայտ եկան այն բանից հետո, երբ թշնամի երկրի նախագահ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

MediaHub-ը դիմեց նաև ԱԳՆ-ին՝ ճշտելու, թե ե՞րբ է վերացվելու խնդիրը: Լրատվական բաժնից ուղորդեցին դիմել խոսնակին, սակայն Անի Բադալյանը մեր հեռախոսազանգին չպատասխանեց:

Մարիաննա Արամյան