Կար ԼՂ հիմնախնդիր, էլ չկա ԼՂ հիմնախնդիր. ԱԳՆ-ն կատարե՞ց Ալիևի պահանջը

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն ահազանգում է՝ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը:
Նա հիշեցնում է, որ բաժինը հասանելի էր չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Բայց ահա այս պահին բաժինը ջնջված է և բոլոր չորս լեզուներով հասանելի չէ:
"Եթե սա տեխնիկական սխալ չէ (կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես ու պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ: Այն է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր այլևս գոյություն չունի",- գրել է Մելքոնյանը Տելեգրամի իր ալիքում, ապա նաև հրապարակել լուսանկար:
Հիշեցնենք, ընդամենը օրեր առաջ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ բացի Անկախության հռչակագրից, Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։
Ընդամենը հաշված օրեր և ահա ՀՀ ԱԳՆ-ն, փաստորեն, ջնջեց մի քանի տասնամյակի աշխատանքը, դարերի պատմությունը.... իր կայքից: Թեև՝ տեղ թողնենք Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցին հայտարարելու, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական խնդիր է, ոչ թե հստակ Բաքվից իջեցված հանձնարարականի շտապ կատարում:
Նույն այդ Միրզոյանը, հիշեցնենք, 2020 թվականին գրառում էր կատարել.
"Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Այս պատերազմը նոր չի սկսվել։ Այս պատերազմն առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։ Նպատակը տարածք պոկելը չէ, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի և պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ իսպառ բնաջնջումը»,– գրել էր նա...
Սպասենք.... թեև առանձնապես հույս չկա:
Բայց և հիշեցնենք. ինչպես ասում էր Բուլգակովը՝ рукописи не горят....