Ֆինանսների նախարարությունը՝ ընթացիկ իր բյուջեով ստանձնած պարտավորությունները կատարում է, բայց, բնականաբար, հավելյալ ծախսեր են առաջացել։
Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը։
Բաղդասարյանը հիշատակեց այն աջակցության ծրագրերը, որոնք այս ամիս արդեն կտրամադրվեն արցախցիներին։
«Ծրագրերը գնահատվում են, որոշումը կլինի և աջակցությունները կտրամադրվեն»,-ասաց նա:
Հարցին, թե մոտավորապես ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը, վերջինս արձագանքեց, որ վերջնական պարզ չէ, պետք է շահառուները դիմեն, գնահատվեն կարիքավորության աստիճանները։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե պաշտոնապես Արցախի Հանրապետությունը արդյոք դիմել է Հայաստանի Հանրապետությանը՝ ֆինանսական աջակցության տրամադրման հարցով, վերջինս պատասխանեց․
«Հայաստանի հետ պայմանավորվածություն ունենք, միջպետական վարկը մեր ներկայացրած ժամանակացույցով տրամադրվում է, անհրաժեշտության դեպքում, եթե վերաբաշխումների կարիք է լինում, աջակցում են»։
Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ արցախցիներին տրամադրվում են թոշակներն ու նպաստները, վերոնշյալ ժամանակացույցով նաև տրամադրվում են աշխատավարձերը։
«Այս առումով խնդիր չունենք, խնդիրն աջակցություններն են, որոնք լրացուցիչ ծախսեր են համարվում, և եթե լինեն պատրաստակամ մարդիկ, որոնք ևս մեզ կաջակցեն, միայն շնորհակալ կլինենք»,- ընդգծեց նա։
Դիտարկմանը, թե Արցախից բողոքում էին, որ բանկոմատներում գումար չկա և մարդիկ գումարները կանխիկացնել չեն կարողանում, վերջինս նշեց, որ խնդիրն արդեն լուծվել է։
«Բանկերի հետ համագործակցում ենք, հիմնականում, առևտրի կետերի հետ պայմանավորվածություններ ունենք, ՊԵԿ-ը ևս աջակցում է, որ առևտուրների կանխիկի հետվերադարձի գործընթացն իրականանա, մենք էլ աջակցում ենք, որ այդ կանխիկ գումարներն ավելորդ չպահվեն տներում կամ դրամարկղերում։ Այս առումով՝ մեկ ամիս առաջ եղած լարվածությունը մեղմացել է»։
Բաղդասարյանը շեշտեց, որ իրավիճակը բարդ է, բայց դիմանում են և դիմանալու են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ MediaHub.am-ի հետ զրույցում ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը հայտնել էր, որ առաջիկայում ընդունվելու է երեք ծրագիր՝ ԱՀ շրջափակման արդյունքում սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմանն ուղղված։
Առաջին ծրագրի պատասխանատուն ԱՀ ՊԵԿ-ն է, երկրորդ և երրորդ սոցիալական միջողառումների պատասխանատուն Արցախի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունն է։
Լիաննա Թորոսյան