Թբիլիսին դե ֆակտո չի ճանաչում Օսիայում անցկացվելիք հանրաքվեն

Թբիլիսին դե ֆակտո չի ճանաչում Ռուսաստանին միանալու հարցով Հարավային Օսիայում անցկացվելիք հանրաքվեն։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Մենք ունենք մեր հստակ քաղաքականությունը։ Իհարկե մենք դե ֆակտո չենք ճանաչի ո՛չ Հարավային Օսիայի իշխանություններին, ո՛չ ընտրությունները և ո՛չ էլ հանրաքվեն։ Այս առումով մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է »,- ասել է Կոբախիձեն
Նախօրեին Հարավային Օսիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել և երկրի նախագահ Անատոլի Բիբիլովին է ուղարկել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի փաստաթղթերը։ Անատոլի Բիբիլովը հանրաքվեի անցկացման օր է նշանակել հուլիսի 17-ը։ Նա մարտի 30-ին էր հայտարարել , որ Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու իրավական քայլեր կձեռնարկի։ Իսկ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում հաղթող ճանաչված Ալան Գագլոևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել, է որ հանրաքվե կնշանակվի, երբ Մոսկվան կհայտնի, որ արդեն դրա ժամանակն է։
Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008-ին, ինչին ի պատասխան Վրաստանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները։