Բոլոր ճանապարհներից պետք է օգտվել, նույնիսկ էն ճանապարհներից, որոնք էսօր փակ են. Քերոբյան

Մեր տեղեկություններով՝ կառավարության մակարդակով գործարարներին հորդորում են ռուսական շուկային, և Լարսի անցակետին այլընտրանք գտնեն և կամաց-կամաց հրաժարվեն Ռուսաստանից և ռուսական շուկայից։ 

Երբ այս մասին այսօր կառավարության նիստից հետո Mediahub-ը հետաքրքրվեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից, վերջինս, ըստ էության, չհերքեց, որ նման բան կա․ «Ոչ մեկ չի ասում՝ փոխեն, ասում ենք՝ զարգացրեք այլ ուղղությունները։ Ես՝ ինքս, նախկինում եղել եմ բիզնեսմեն ու երբեք չէի ցանկանա, որ իմ բիզնեսը կախված լիներ մի մատակարարից կամ մի հաճախորդից»։ 

-Իսկ լոգիստիկ առումով Դուք դրա համար ի՞նչ հնարավորություն եք տեսնում, որ Լարսից և ռուսական ճանապարհից չօգտվեն։
 -Էլի Դուք տանում եք դեպի օգտվել-չօգտվել․․․ Բոլոր ճանապարհներից էլ պետք է օգտվել, նույնիսկ էն ճանապարհներից, որոնք էսօր փակ են։ Դուք գիտեք՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը միտված է նրան, որ հնարավորինս արագ բացվեն ճանապարհները, կոմունիկացիաները։ 

-Այսինքն՝ նաև Ադրբեջանով և Թուրքիայո՞վ։ 
-Նաև։ 

-Բայց դեռ այդ «Խաղաղության խաչմերուկը» պատրաստ չէ, չգիտենք՝ երբ կլինի, այդ ճանապարհները դեռ փակ են։ Ի՞նչ հույսով եք գործարարներին առաջարկում կամ գուցե պարտադրում, որ օգտվեն դեռևս չբացված ճանապարհներից։
 -Գործարարներին հնարավոր չէ պարտադրել, գործարարներին հնարավոր է խթանել, խրախուսել և ցույց տալ նաև հնարավորություններ այլ ուղղություններով։ Էլի եմ ասում, մենք չենք խոսում նրա մասին, որ ինչ-որ մի արդեն կայացած առևտրային ուղղությունը փոխարինվի այլով։ Խոսքն ուղղակի նոր ուղղություններն ավելի ինտենսիվ, ավելի մեծ ջանասիրությամբ զարգացնելու մասին է։ 

-Իսկ ռուսական շուկան չե՞նք կորցնի, և սա քաղաքական առումով հակառուսական այդ արշավի շրջանակներում է տեղավորվում, թե՞ տնտեսական զարգացման նոր ձևաչափ է։ 
-Հակառուսականություն չկա, կա ուղղակի առողջ բիզնես տրամաբանություն։ 

Մանրամասն՝ տեսանյութում 

Վահե Մակարյան