Մասնագետը նշել է ամանորյա ամենավնասակար խորտիկները

Մասնագետը նշել է ամանորյա ամենավնասակար խորտիկները

Ամանորյա սեղանի համար ավանդական նախուտեստները կարող են վնասակար լինել առողջության համար, զգուշացրել է բժիշկ և կլինիկական սննդաբան Դարիա Ռուսանովան։

Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը թվարկել է այն մթերքները, որոնցից ավելի լավ է խուսափել ամանորյա ճաշացանկը պատրաստելիս, և օգտակար այլընտրանքներ անվանել։

Բժշկի խոսքով՝ ամենաանառողջ նախուտեստներն այն նախուտեստներն են, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հավելումներ և քիչ սննդային արժեք ունեն։ Օրինակ՝ երշիկեղեն, խավիարի իմիտացիա, ինչպես նաև բազմաթիվ «սպրեդներ» սուպերմարկետներից՝ պաշտետներ, ռիետաներ, պահածոներ։ «Նման ուտելիքներից հետո հագեցվածության զգացումը երկար չի տևում, բայց դրանք շատ կալորիաներ են պարունակում»,- ասել է նա։

«Որպես կանոն, այս մթերքները պարունակում են բազմաթիվ նյութեր, որոնք վնասակար են օրգանիզմի և աղիների միկրոբիոտայի համար՝ արհեստական ​​գույներ, կայունացուցիչներ, համի ուժեղացուցիչներ, բուրավետիչներ, էմուլգատորներ»,- ընդգծել է Դարիա Ռուսանովան։

Սննդաբանը հավելել է, որ նման արտադրանքներում պարունակվող որոշ էմուլգատորներ ունակ են լուծելու ոչ միայն պայմանականորեն պաթոգեն, այլև օգտակար աղիքային բակտերիաների պաշտպանիչ շերտը։ Այդ իսկ պատճառով նման սննդի չափազանց հաճախակի և առատ օգտագործումը կարող է հանգեցնել դիսբիոզի և ուղեկցող ախտանիշների, ինչպիսիք են փքվածությունը, որովայնի ծանրության զգացումը, ընդհանուր թուլությունը:

«Լավագույն նախուտեստները բնական մթերքներն են»,- շեշտել է բժիշկը։ Դրանք չեն պարունակում օրգանիզմի համար վնասակար նյութեր և չափավոր օգտագործման դեպքում ավելի քիչ ճնշում են առաջացնում մարսողության վրա: «Ավելի լավ է նախապատվությունը տալ ամբողջական մսից և ձկից պատրաստված ուտելիքներին. հագեցվածության զգացումն ավելի երկար կտևի, իսկ ավելորդ կալորիաներն ու վնասները շատ ավելի քիչ կլինեն», - հավելել է Ռուսանովան: