Փաշինյանը ներքին խնդիրներում մեղադրում է իրեն ընտրած ժողովրդին, իսկ արտաքին ձախողումներում՝ դաշնակիցներին
«Անգամ այս օրերին, երբ Հայաստանի շնորհիվ Ադրբեջանն ընդունել է ՄԱԿ-ի COP29-ը համաժողովը, Ադրբեջանն անթաքույց սպառնալիքի լեզվով է խոսում Հայաստանի մասին։ Սա հանդուրժելը նշանակում է դառնալ հանցակից»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հասարակական գործիչ Արմինե Հայրապետյանը։
Նրա պնդմամբ՝ նման խոսույթին հայկական կողմը, մասնավորապես, արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է հանդես գա համապատասխան դատապարտողական հայտարարությամբ, հետևապես լռելը, ապա բոլոր ձախողումներում դաշնակից պետություններին մեղադրելը, մեղմ ասած՝ անտրամաբանական է։
«Նիկոլ Փաշինյանը սիրում է ներքին խնդիրները բարդել իրեն ընտրած ժողովրդի վրա, իսկ արտաքին պարտություններում՝ մեղադրել բարեկամ-դաշնակից պետություններին»,- ասում է նա՝ մեկնաբանելով ադրբեջանական «Baku tv» քարոզչական ալիքով հնչած՝ «եթե Փաշինյանը չընդունի հրավերը, COP29-ի շրջանակներում չգնա Բաքու՝ կատարելու իրենց պահանջները, ապա Հայաստանի գոյությունը կդրվի հարցականի տակ» արտահայտությունը։
«Ոչինչ պատահական չէ, կանխատեսելի էր, չէ՞, որ Ալիևը COP29-ը վերածում է Հայաստանի դեմ շինծու մեղադրանքների հարթակի։ Փոխանակ Հայաստանը դատապարտի Ադրբեջան մեկնած երկրների ղեկավարներին, որոնց ներկայությամբ երկրի առաջին դեմքով մեղադրում են Հայաստանին, Սահմանադրությունը փոխելու պահանջներ ներկայացնում, մերոնք ազատ կամերա են տեսնում, գնում դեմը կանգնում են, թե՝ «դեռ չենք որոշել՝ գնալո՞ւ ենք Բաքու, թե՞ ոչ»։ Իսկ ավտորիտար վարչակարգի ղեկավարը մեկ անգամ չէ, որ հպարտությամբ ասել է, որ Արցախում ագրեսիայի է գնացել ու էթնիկ զտում իրականացրել»,- ընդգծում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահին ու այնտեղից հնչած մեղադրանքներին Հայաստանի ԱԳՆ-ն դեռ ոչ մի արձագանք չի հնչեցրել։
Հունան Թադևոսյան