Քիչ առաջ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնեց, որ իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում, կան ձերբակալվածներ։ Այլ մանրամասներ չնշեց, թե ովքեր են ձերբակալվածները, ինչ գործի շրջանակներում են իրականացվել այդ խուզարկություններն ու ձերբակալությունները։
MediaHub-ը պարզեց, որ խուզարկությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից՝ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Կոմիտեից մեզ ասացին, որ ձերբակալված չորս անձանցից 3-ը պաշտոնատար անձինք են, այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել` նախաքննության շահերից ելնելով։
Մենք տեղեկացանք, որ ձերբակալված պաշտոնատար անձանցից մեկը Առևտրի և սպասարկման բաժնի պետ Արսեն Աղաբեկյանն է, մյուսը՝ նրա տեղակալը, նաև մեկ այլ աշխատակից։ Նրանք ձերբակալվել են կոռուպցիոն գործարքի կասկածանքով, ասել է թե՝ կաշառքի գործով։
Նշենք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման պատմության մեջ:
Վահե Մակարյան