Duty Free խանութները Հայաստանում փակվո՞ւմ են․ ի՞նչ  ճակատագիր է նրանց սպասում

Duty Free խանութները Հայաստանում փակվո՞ւմ են․ ի՞նչ  ճակատագիր է նրանց սպասում

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստանում Duty Free խանութները փակվում են, ընդ որում այս լուրը տարածում էին նաև միջազգային լրատվամիջոցները: Մինչդեռ ԱԺ գլխադասային հանձնաժողովում քննարկումից պարզ դարձավ, որ մրցույթային ձևաչափով է որոշվելու նրանց ճակատագիրը։

Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Duty Free խանութների գործունեության հետ կապված: Այս հարցերի շուրջ MediaHub-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ՝ հասկանալու, թե ինչ սպասել առաջիկայում:  

««Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է անմաքս առևտրի խանութների կազմակերպման գործունեության ընդհանուր պայմանների բարելավման, մատուցվող ծառայությունների որակի բարելավման և մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսել այդպիսի գործունեության իրականացումը՝ Կոմիտեի կողմից սահմանված վայրերում և նախաորակավորված անձանց միջև իրականացվող մրցույթի հիման վրա, որի պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը»,- այսպիսի պատասխան ստացանք ՊԵԿ-ից։

Նշվում է, որ միաժամանակ, նախագծի անցումային դրույթներով նախատեսվում է, որ մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը, անմաքս առևտրի խանութների համար Կոմիտեի կողմից սահմանված վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչև «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք:

Հարցին, թե ի՞նչ չափորոշիչների մասին է խոսքը և արդյո՞ք մինչ այս դրանք չէին համապատասխանում ԵԱՏՄ պահանջներին, ՊԵԿ-ից պատասխանեցին, որ անմաքս առևտրի խանութների նախաորակավորման կարգը դեռևս ընդունված չէ, իսկ նախաորակավորված անձանց միջև մրցույթի իրականացման կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության կողմից։ Նախագծով նախատեսվել է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մրցույթի իրականացման կարգի սահմանում։

Ի դեպ, հիշեցրինք, որ բազմաթիվ բողոքներ կային այն մասով, որ «Զվարթնոց» օդանավակայանի (ժամանում) խանութը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին և հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս փոփոխությունները նաև այս բացը կշտկեն։

«Ներկայացված նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսում են սահմանել միայն մաքսային հսկողության գոտիներում իրականացվող գործունեության տեսակների մասով նախաորակավորման պահանջի սահմանում»,- եղավ պատասխանը։

Միևնույն ժամանակ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից MediaHub-ին հայտնեցին, որ «Զվարթնոց» օդանավակայանում առկա անմաքս առևտրի խանութի վերաբերյալ բողոքներ չեն ստացել և առաջարկեցին առավել հստակ տեղեկատվություն տրամադրել։ 

Այսպիսով, ստացվում է, որ տեղեկատվությունը, թե Duty Free խանութները Հայաստանում փակվում են, չի համապատասխանում իրականությանը: Խոսքն այն մասին է, որ կլինի մրցույթ, և մրցույթի հիման վրա այդ խանութների գործունեության պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը։

Մարիաննա Արամյան