Ալիևը Անկարայում սպառնաց՝ իսկ Լավրովը Երևանում ստորացրեց Փաշինյանին

Ալիևը Անկարայում սպառնաց՝ իսկ Լավրովը Երևանում ստորացրեց Փաշինյանին

Մինչ իշխանական ընտանիքում զբաղված են միմյանց գլխին ոջիլներ ման գալով, այդ ընթացքում տեղի ունեցավ երեք իրադարձություն, երկուսը սպառնալից, մյուսը՝ ստորացուցիչ։

Սկսենք թերևս վտանգավորներից, քանի որ դրանց հետևանքները կարող են ճակատագրական լինել Հայաստանի Հանրապետության ու ողջ ժողովրդի համար։ Անկարայում մեկնարկեց «Արևմտյան Ադրբեջան» կոնֆերանսը, որի ընթացքում Ալիևը կոշտացրեց ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» իր պահանջը, այն համարելով խաղաղության հասնելու հերթական նախապայման։ Ընդ որում, նա իր պահանջը ձևակերպում է ոչ թե «վերադարձ» իրենց հայրական տներ, այլ վերադարձ «պատմական հայրենիք»։ Բացի այդ, Ալիևը կոնֆերանսի ժամանակ մեղադրեց Հայաստանին «էթնիկ զտումներ» իրականացնելու և Ադրբեջանի «պատմամշակութային» արժեքները ոչնչացնելու մեջ։ Կասկածից վեր է, որ մոտ ապագայում այդ մեղադրանքները փաթեթավորվելու են որպես Հայաստանի դեմ հայտ՝ միջազգային ատյաններում։

Հաշվի առնելով, որ Փաշինյանը պարզապես աղերսում է այդ չարաբաստիկ «խաղաղության համաձայնագիրը», հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ իշխանությունները տեսականորեն արդեն տվել են իրենց համաձայնությունը Ադրբեջանցիների «վերադարձի» հետ կապված, ապա դժվար չէ պատկերացները այն հերթական աղետը, որը կախված է Հայաստանի գլխին։ Մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, դա նշանակում է երկիրը կանգնեցնել ուղիղ հայաթափման եզրին։

Հենց այդ համատեքստում էլ կարելի է դիտարկել երկրորդ վտանգավոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ այս օրերին։ Հունգարիայում մեկնարկեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը մեծ հնարավորություններ է բացում թյուրքական աշխարհի առաջ։ Ի՞նչ նկատի ունի Էրդողանը մեծ հնարավորություններ ասելով։ Իհարկե դա «Մեծ Թուրան» գաղափարախոսության իրագործումն է։ «Մեծ Թուրանի» ճանապարհին, ավելին, հենց կենտրոնում կանգնած է միայն Հայաստանը։ Իրականում ո’չ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի նպատակը հարաբերությունների կարգավորումը չէ, այլ ընդհանրապես Հայաստանի սկբից որպես քաղաքական, հետագայում նաև ֆիզիկական գոյության վերացումը։

Թուրք-ադրբեջանական պայմաններով հարաբերությունների կարգավորումը սկզբից Հայաստանը զրկելու են տարածաշրջանում որևէ գործոն լինելու հանգամանքից, վերածելու են ամբողջապես թյուրքական քմահաճույքից կախված ու թյուրքական շահերը սպասարկող միավորի, իսկ ադրբեջանցիներով բնակեցված Հայաստանն էլ ընթացքում առհասարակ դադարելու է գոյություն ունենալուց։

Ահա իրականում հենց այս երկու օրակարգին էլ սպասարկում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև հարևանների հետ հարաբերությունների կարգավորում ամենևին չի նշանակում նրանց բոլոր պահանջների անվերապահ կատարում։

Ինչ վերաբերում է ստորացմանը, ապա այն դրսևորվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ։ Սլավոնական համալսարանում խոսելով Փաշինյանի «իրական Հայաստան» գաղափարախոսությունից, նրա կողմից «պատմական ու իրական» Հայաստանների հակադրումից, Լավրովը հայտարարեց, որ չի կարելի մոռանալ սեփական երկրի պատմությունն ու սեփական ժողովրդի սխրանքները։ Իհարկե Լավրովը ճիշտ է իր գնահատականներում, բայց ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը սեփական անարժանապատվությունը պրոյեկտել է պետության վրա ու օտարերկրյա պաշտոնյան մեր երկրի ներսում անդրադառնում է ներքին քաղաքական օրակարգին, գնահատում է այն ու դաստիարակում այդ երկրի ղեկավարին։

Իհարկե Փաշինյանը չի վիրավորվի, քանի որ նրա միակ գերխնդիրը արտաքին աշխարհում տերեր փնտրելն է, որոնք կօժանդակեն իր իշխանության պահպանմանը, բայց մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս համար, որքան էլ Լավրովի դիտողությունները ճիշտ են, այնուամենայնիվ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում. «за державу обидно»։

Կարեն Կարապետյան