Մեջտեղում՝ իշխանական զույգի նկարը, չորս կողմում՝ ոջիլ. ՀՀ նոր զինանշանի նախագիծը

Մեջտեղում՝ իշխանական զույգի նկարը, չորս կողմում՝ ոջիլ. ՀՀ նոր զինանշանի նախագիծը

Օրերս Ադրբեջանը Հայաստանի առջև նոր պայման դրեց՝ փոխել ՀՀ Զինանշանը, քանի որ այն իր մեջ պարունակում է տարածքային պահանջներ հարևան երկրների նկատմամբ։ Ճիշտ է՝ ՔՊ-ական տարբեր տրամաչափի պատգամավորներ հարցազրույցների ու ճեպազրույցների ժամանակ հայտարարում են, որ իրենք ասեկոսեներ չեն մեկնաբանում, բայց սա ասեկոսե չէ, այլ հստակ ներկայացված պահանջ։ Նման պատասխանը հարցից խուսափելու հին միջոց է ու «սպասման ռեժիմ», թե այդ թեմայով ինչ կասի «շեֆը», որպեսզի դրանից հետո իրենք պատճենահանման սարքի պես կրկնեն այն։

Այլևս կասկածից վեր է, որ առաջիկայում ՀՀ Զինանշանը փոխելու պահանջը ավելի է կոշտանալու ու վերածվելու խաղաղության պայմանագրի կնքման հերթական նախապայմանի, ինչը շատ տրամաբանական է զիջումների այդ շղթայում։ Սահմանադրությունը փոխելու պահանջին անշուշտ պետք է հետևեր նաև զինանշանը փոխելու պահանջը։ Ավանդույթի համաձայն այս անգամ ևս Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները միասնական են ու ինչպես միշտ Ալիևի այդ պահանջը ՀՀ իշխանությունները հայ հանրությանը ներկայացնելու են իբրև Հայաստանի ներքին օրակարգ։

Շատերը երևի այսօր չեն հիշում, որ ոչ վաղ անցյալում Ալեն Սիմոնյանը, չգիտակցելով իր զբաղեցրած պաշտոնի նշանակությունը, լրագրողների առջև ծաղրեց ՀՀ զինանշանը՝ այն նույնացնելով սմայլիկի հետ։ Այդ համատեքստում Ալիևի մոտեցումը անհամեմատ ավելի կոռեկտ է ու քաղաքական։ Եթե նա սպառնալիք է տեսնում ՀՀ զինանշանում, ապա ՀՀ իշխանություններն ուղղակիորեն ծաղրի են ենթարկում այն։ Եվ հենց այս ծաղրն էլ ՀՀ իշխանությունները շահարկելու են ապագայում, որպեսզի այն ներկայացնեն որպես Հայաստանի կողմից վաղուց որոշված հարց, ինչպես անում են Սահմանադրության դեպքում։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական շատ պահանջներ գեներացվում են Նիկոլ Փաշինյանի կողմից, այնուհետև փոխանցվում Ալիևին՝ խմբագրելու համար ու կրկին հետ են գալիս Հայաստան՝ ի գիտություն ՔՊ-ականների։

Բայց ի՞նչ պատկերներ են լինելու մեր ապագա զինանշանի վրա։ Հաշվի առնելով, որ ՔՊ-ական իշխանությունը բացի ազգային բոլոր արժեքները տրորելուց որևէ նոր արժեք չի արարել, Հայաստանը զրկել է դիմագծից ու միակ ձեռքբերումը եղել է անհետացման եզրին կանգնած միջատների վերադարձը կենցաղ՝ ենթադրաբար ՀՀ նոր զինանշանի մեջտեղում պատկերված կլինի իշխանական զույգի նկարը, չորս կողմում՝ ոջիլներ։

Կարեն Կարապետյան