ՀՀ-ն այլևս ոչ մի ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու․ Հովիկ Աղազարյան

ՀՀ-ն այլևս ոչ մի ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու․ Հովիկ Աղազարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը նիստի ժամանակ նշեց, որ մի շարք խնդիրներ է տեսնում նախագծում։

«Որ ասում եք՝ բացասական դրսևորումները, որոնց դեմ ուզում եք պայքար տանել, չի հիմնավորում ձեր նախագիծը, մարդկանց սա կդրդի, որ էլի միջոցներ գտնեն չծառայելու և այլն։ Ասում եք՝ ոչինչ, թող գա, 2 մլն տա, կգնա պահեստազոր, վաղը մյուս օրը, որ պատերազմ լինի, պատերազմին կմասնակցի. ՀՀ-ն այլևս ոչ մի ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու»,- ասաց նա։

Աղազարյանը նշեց, որ մի պատճառ կա, որոնցից մեկը ՊՆ-ն է իր քաղաքականությամբ։ «Ախր, օրենքը պիտի ընդունենք այնպես, որ ամբողջական լինի հասարակության համար։ Չեն գալու պատասխանատվության ենթարկվելու, սա պարզ է, հետևաբար, խնդրում եմ, պարոն Հայկ Սարգսյան, որպես եզրային կետ համաձայն եմ Վիլեն Գաբրիելյանի առաջարկի հետ, որ գոնե էն 15 մլնից հրաժարվենք, ես առաջարկում են էն մյուս կետից էլ հրաժարվենք ու բավարարվենք նրանով, որ գան 6 ամսով ծառայեն, որոշակի գումար մուծեն և ազատվեն պատասխանատվությունից: Ես դրան համաձայն եմ և համաձայն կլինեմ, որ որևէ կոպեկ չվճարեն»,- ասաց Աղազարյանը։

Վահագն Ալեքսանյանն առաջարկեց երկու ամսով հետաձգել քննարկումը, որովհետև որևէ հստակ որոշում դեռ չի կայացվել. «Իմ կարծիքով՝ օպտիմալը սա կլինի, որովհետև կոնսենսուսային որոշում է լինելու»։

Անդրանիկ Քոչարյանը ևս համաձայն է այս մտքին, սակայն իր կարծիքով՝ նույնիսկ 15 մլն դրամն է քիչ, որովհետև, ըստ նրա, արդարությունը միայն սա կլինի։

«Պարո՛ն Սարգսյան, շտապելու բան չունենք, դուք որոշեք, թե ինչ անենք, մենք սխալվելու իրավունք չունենք»,- ասաց Քոչարյանը։

Մեկտեղելով բոլորի առաջարկները՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ միտք չունի օրենքի նախագծի քննարկումը հետաձգելու։

«Ես ցանկություն եմ հայտնել մեր պատգամավորներին տվյալներ փոխանցել, քննարկել, բայց նույն ցանկությունն իրենց կողմից չեմ տեսել։ Աշխատանքային քննարկմանը շատ քիչ պատգամավորներ են եկել։ Երկու ամսով հետաձգենք, հետո ասեք՝ չի բավականացնում, տրամաբանական չի։ Երկու դեպք ենք ունեցել, որ քրեական պատասխանատվության է ենթարկվել ծառայությունից խուսափածը, 779 դեպքից 2 անձի ենք կարողացել կալանավորել, ազատ ֆրֆռում են հանրապետությունում և ո՛չ գումար են վճարել, ո՛չ էլ ծառայել են, եթե էս օրենքի նախագիծը չընդունվի, նույնն է շարունակվելու։ Սա փաստաբանական համայնքի համար ամենայուղոտ կտորներից մեկն է, այս գործերը դատարաններում 99 տոկոսով շահում են, գործն էնքան պատրաստ է, որ միայն անուն ազգանունները փոխելով ուղարկում են դատարան»։

Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ ինքն էլ գիտակցում է, որ ոչ բոլորն են գալու ՀՀ քաղաքացի դառնան, քանի որ կապույտ անձնագիրն, այսպես ասած, ոչ մի առանձնահատկություն չունի։

«Այնպես չէ, որ այլ երկրում ծնված հայերը լեղապատառ գալու են, որ ՀՀ քաղաքացի դառնան, որ շուտ 2․5 մլն վճարեն։ 14 հազար մարդու հնարավորություն ենք տալու, դրանցից 500-ը կօգտվեն, 100-ը, թե 1000-ը՝ թող օգտվեն, չեն ուզում, թող չօգտվեն, ի սեր Աստծո, թող շարունակեն օտարերկրյա քաղաքացիներ մնալ, 27 տարեկան դառնան... ո՛չ գումար մուծեն, ո՛չ ծառայեն, եթե դա եք ուզում, խնդիր չկա։ Ես ուզում եմ էդ ռեսուրսները ճիշտ օգտագործենք, էդ մարդիկ ՀՀ քաղաքացի դառնան, իրենց երեխաներն էլ ՀՀ քաղաքացի դառնան, պարտավորություն ունենան»։

Հայկ Սարգսյանի ելույթը բանավեճի առիթ դարձավ, վերջինս առաջարկեց երկու փուլով անեն ընտրությունը։

Լիաննա Թորոսյան