Խաղատների կտրուկ արգելքը կարող է ավելի վատ երևույթի հանգեցնել. Բադասյանը՝ նոր կարգավորումների մասին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանափակել այն անձանց թիվը, որոնք կկարողանան խաղադրույքներ կատարել։ Խոսքը թե՛ օնլայն, թե՛ կենդանի մոլեխաղերի մասին է։
Օրինակ՝ 21 տարեկան անձինք չեն կարող մասնակցել, բյուջեից սուբսիդավորման ծրագրերից օգտվողները կամ սոցիալական անապահովության ծրագրերից օգտվողները ևս չեն կարողանա օգտվել։
Mediahub-ը ավելի ուշ Բադասյանի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հետաքրքրվեց՝ ճիշտ համարո՞ւմ են, արդյոք, այդ օնլայն կամ կենդանի խաղատների առհասարակ արգելումը մեր երկրում, թե՞ դրանք, այդուամենայնիվ, բյուջեի համար մեծ չափի մուտքեր են ապահովում, և այդ տեսանկյունից նպատակահարմար չէ։
«Տրամաբանությունը, կարծում եմ, երևի թե սխալ է, այսինքն՝ պետական բյուջեի եկամուտներով չի կարելի պայմանավորել այս կամ այն ոլորտի գործունեությունը, և մենք, կարծում եմ, սահմանափակումներ մտցնելով, հենց այդ հաղորդակցությունն ենք ապահովում մեր հանրության հետ։ Կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ մոլեխաղերով տարվելու դեպքում կան վտանգներ, և գործունեությունն արգելելը երբեք լավ լուծում չէ, որովհետև գործենությունն արգելելու դեպքում միշտ առաջանում են ավելի վատ երևույթներ և ավելի ռիսկային մեր քաղաքացիների համար։ Դրա համար մենք հենց սահմանափակումների ճանապարհով ենք գնում։ Իսկ խաղատների կտրուկ արգելքը կարող է ավելի վատ երևույթի հանգեցնել, օրինակ՝ ընդհանրապես ոչ մի կարգավորում չունեցող, ստվերային դաշտում գործող և բարդ հայտնաբերելի խաղատների և այլն»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Վահե Մակարյան