Մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորում եմ այսօրվա անձնական այլ առաջնահերթությունների հետ։ Չմասնակցելը իշխանության օգտին է, քվեաթերթիկը անվավարել անելը իշխանության օգտին է և այդ երկու քայլով, ցավոք, քաղաքացիները ապահովելու են այլ զարգացումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը՝ կոչ անելով, որ բոլորը գնան ընտրության։
«Տարբեր ընտրախախտումների մասին լուրեր կան, բայց մենք դեռևս հավաքագրում ենք, որպեսզի նաև հասկանանք դրանց ազդեղության չափը: Այս պահին այդպիսի լուրջ արձանագրում չկա, բայց ամբողջ օրը առջևում է»,-ասաց նա։
Խոսելով այն արձանագրումների մասին, որ ընտրողների ցուցակներում հանգուցյալներ կան, ինչպես նաև հնդիկներ, պակիստանցիներ և անդրադառնալով Ավինյանի այն դիտարկմանը, թե այս ամենը ընտրությունից հետո ցույց կտա՝ խախտում եղել է, թե չէ, Թանդիլյանը նշեց․
«Ավինյանը թող չհուշի մենք ինչ անենք, մենք գիտենք՝ ինչպես վարվել այդ տեղեկատվության հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում