Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բենզինի գինը կնվազի՞

Blog Image

Բենզինի, դիզվառելիքի գինը ՀՀ-ում բավականին բարձր է, և տևական ժամանակ նվազում  չի արձանագրել: Երեկվա լուրերի ֆոնին հույս արթնացավ՝ արդյո՞ք, հնարավոր է, վառելիքի գինը մոտակա ժամանակ նվազի։

MediaHub–ը տեղեկացավ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։ Այն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց:

Ինչպե՞ս այս որոշումը կանդրադառնա քաղաքացիների գրպանի վրա, սպասե՞լ նվազում. MediaHub–ը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Հայաստանը իր վառելիքի 80%-ը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, խոսքը վերաբերվում է բոլոր տեսակի վառելիքներին՝ գազ, բենզին, դիզել և այլն: Ներկրելով ՌԴ–ից, մենք չենք վճարում որևէ մաքսատուրք։ Մնացած փոքր մասը մենք ներկրում ենք տարբեր երկրներից, օրինակ՝ Իրանից, Բուլղարիայից, Ռումինիայից, եթե ՌԴ–ից չենք կարողանում համապատասխան քանակությամբ բերել»,– նշեց տնտեսագետը։

Ըստ Պարսյանի՝ երրորդ երկրներից վառելիք ներկրող հիմնական ընկերությունները ՀՀ–ում մի քանիսն են, որոնք կապված են Արևմուտքի հետ, և որոնց մոտ բենզինի կամ դիզվառելիքի գինն ավելի թանկ է, քան մնացած ընկերություններում, որտեղ ռուսականն է։

«Սրա հետևանքով հնարավոր է Արևմուտքի հետ կապված ընկերությունների լցակայաններում վառելիքի գինը որոշակի իջեցում արձանագրի, օրինակ՝ 10-20 դրամի չափով, բայց ընդհանուր շուկայի վրա մեզ ազդեցություն դա չի ունենալու, քանի որ մեր բնակչության 80%-ը սպառում է ռուսական վառելիք»,– ասաց տնտեսագետը:

Մարիաննա Արամյան

Send