Կոնտրաստ

Կոնտրաստ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի խնդրանքով ադրբեջանցի ֆիթնես մարզիչ, 44-օրյա պատերազմում հայերի հանդեպ անմարդկային վայրագությունների հեղինակ քամիլ զեյնալիին Մոսկվայում ձերբակալելու մասին տեղեկությունը։

«Հարցը Ռուսաստանում մեր դեսպանատան հսկողության տակ է։ Քաղաքացուն ցուցաբերվում է համապատասխան հյուպատոսական և իրավաբանական օգնություն։ Լրացուցիչ տեղեկությունների առկայության դեպքում կհաղորդվի»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մոսկվայում ձերբակալված ակնհայտ հանցագործը, սակայն, պաշտոնական Բաքվի գործադրած գործուն ջանքերի հետևանքով  այլևս ազատության մեջ է, ինչի մասին հայտնում են նրա փաստաբանն ու ադրբեջանական ԶԼՄ-ները: Անկեղծ լինենք՝ չենք էլ հավատում, որ քամիլ զեյնալին կփոխանցվի Հայաստանի իրավապահներին:

Հիմա Բաքվի գործադրած ջանքերը համեմատեք Հայաստանի իշխանության գործողությունների կամ ավելի շուտ անգործության հետ՝ կապված Բաքվի բանտում գտնվող Արցախի պատանդառված ղեկավարների ազատությանն աջակցելու հարցում:

Նույնիսկ համեմատությունն է անհարմար, որովհետև Հայաստանի իշխանությունները ճիշտ հակառակը՝ անում են ամեն ինչ՝ Ադրբեջանին սիրաշահելու համար:

Ամենևին պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը ոչ թե հետապնդում է Արցախի կալանավորված առաջնորդներին աջակցելու, այլ նրանց նպատակային վարկաբեկելու կամպանիա:

Վահրամ Բագրատյան