Դիվանագիտության մեջ սխալներ ունենալով էլ նախկին իշխանությունները պահում էին Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Դիվանագիտության մեջ սխալներ ունենալով էլ նախկին իշխանությունները պահում էին Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում սպասվում է Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Սա, ըստ էության, երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է։ 

Ի՞նչ կարելի է սպասել դրանից, արդյո՞ք այսօրվա հանդիպումը կլինի Փաշինյանի փափագած խաղաղության դարաշրջանի մեկնարկը, և արդյո՞ք երեկ ԱԺ ամբիոնից հնչեցված հայտարարություններն Արցախի, դրա կարգավիճակի ու պատկանելության վերաբերյալ արդարացված էին այս հանդիպումից առաջ։ Վերոնշյալ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցեց ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։

«Այս հանդիպումից ոչ մի լավ բան սպասել չեմ կարող։ Պարտված իշխանության հերթական զիջումից բացի ի՞նչ կարող ենք սպասել»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զիջումներն այս դեպքում միայն Արցախին չեն վերաբերելու, այլ նաև՝ ՀՀ սուվերեն տարածքին։ 
Դիտարկմանը, որ երեկ ԱԺ ամբիոնից Փաշինյանը հստակ հայտարարեց, որ Արցախը Արդբեջանի կազմում ճանաչել են թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը, այսինքն՝ այդտեղ գաղտնի զիջման հարց էլ չկա, ամեն բան ակնհայտ է, Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց՝ սխալներ ունենալով հանդերձ՝ նախկին իշխանությունները պահել են Արցախը.

«Դիվանագիտական ու քաղաքական կոպիտ սխալներ եղել են, և ես այդ ամենին ընդդիմացել եմ, եղել եմ ընդդիմադիր գործիչ, բայց իրենց օրոք այդ իշխանությունները ֆիզիկապես պահել են Հայաստանն ու Արցախը՝ իրենց տարածքային ամբողջականությամբ ու ինքնիշխանությամբ։ Իսկ այս պարտված իշխանություններն ամեն օր իրենց քայլերով նոր զիջումներ ու մահեր են բերում»,- նշեց Հովհաննիսյանը։

Ավելին, ըստ մեր զրուցակցի, այս իշխանությունը մի բան է կարողանում հստակ քայլերով առաջ տանել՝ սուգ է բերում հազարավոր ընտանիքներ։ 

«Եթե նախատեսված հանդիպումներն այսօր կայանան, ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական հանցագործ ղեկավարները, որոնցից Փաշինյանը հայցում է հայաստանյան սահմանների մասին քարտեզներ, գոնե մեր երկրի ղեկավարից մի քանի նախապայման կլսեն։ Ես վստահ եմ, որ Թուրքիան ու Ադրբեջանն ընդարձակված նախապայմաններ ներկայացնելու են, ու դրա համար եմ հույս հայտնում, որ մենք էլ մեր նախապայմանները կհնչեցնենք»,- նշեց Հովհաննիսյանը, ապա լրացրեց խոսքը՝ կասկածում է, որ մեր կողմից ազգային շահից ելնող արձագանք կլինի։ 

Ցեղասպանության ճանաչում և հատուցումից մինչև հայ ռազմագերիների վերադարձ, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերում․ այս հարցերն, ըստ Հովհաննիսյանի, պետք է առաջնային քննարկման արժանանան, սակայն շեշտեց՝ Փաշինյանը դժվար թե նման նախապայմաններ հնչեցնի։ 

«Փոխարենը մենք ունենալու ենք փոքրացող տարածքով հանրապետություն, նվազող ինքնիշխանություն և նորանոր զոհեր ու կորուստներ»,- եզրափակեց խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանը։ 

 

Նարե Գնունի